«Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական գործընթաց սկսելու հերթական փորձը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանում նշանակված է դատական նիստ կապված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործի հետ։ Աշխարհի առաջին քրիստոնյա պետության պատմության մեջ աննախադեպ այս իրադարձության շուրջ հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք այն իրականում տեղի կունենա։ Գործի քննությունը սկսելու նախկին փորձերը ձախողվել են. դատավորներն ու դատախազները մեկը մյուսի հետևից խուսափել են մասնակցել այդ ամոթալի և քաղաքական դրդապատճառներ ունեցող ներկայացմանը, գրում է mk.ru–ն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այս առիթով աստվածաշնչյան անեծքներ է տեղացել Եկեղեցու հալածողների գլխին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հայ հասարակական գործիչ Միկա Բադալյանի հարցին կապված Փաշինյանի վարչախմբի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հալածանքների վերաբերյալ նրա գնահատականի հետ, խոսնակը հայտարարել է. «Նրանք, ովքեր մասնակցում են Եկեղեցու՝ կանոնական Եկեղեցու հալածանքներին, կանեծվեն»։ Նա բացատրել է, որ Եկեղեցու դեմ պայքարն, ըստ էության, պայքար է Աստծո դեմ, և հորդորել է դիմել Սուրբ Գրքին։ «Եվ, իհարկե, նրանք կանեծվեն գալիք դարերի ընթացքում»,- հայտարարել է Զախարովան։
Անհնար է չհամաձայնվել այդ խոսքերի հետ։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, կարծես, չի հավատում Աստծուն։ Դա ակնհայտորեն երևում է Եկեղեցուն առնչվող հարցերի վերաբերյալ նրա արած հայտարարություններից։ Այն փաստը, որ նա չի գիտակցում սեփական խոսքերի նշանակությունը, միայն ընդգծում է, թե որքան է նա հեռու կրոնից։ Հետևաբար, աստվածաշնչյան անեծքները նրան չեն վախեցնի, նա կշարունակի իր օրակարգն առաջ տանել։ Իհարկե, բոլորը գիտեն, որ գոյություն ունի նաև Աստծո դատաստանը, և ոչ ոք չի կարող խուսափել դրանից, նույնիսկ անհավատ Փաշինյանը։ Այնուամենայնիվ, այստեղ կա մի նրբերանգ։ Ինչպես հուշում է Հին Կտակարանը, Աստված հաճախ իր դատաստանը իրականացնում է անշտապ: Երբեմն դարեր են անցնում չարագործների նկատմամբ դատավճռի հայտարարման և դրա ի կատար ածման միջև։ Օրինակ Հյուսիսային թագավորությունը, որը ձևավորվել էր միացյալ Իսրայելի պառակտումից հետո և որտեղ երկրպագությունն ուղղված էր թագավոր Հերովովամի կողմից կանգնեցված երկու ոսկե հորթերին, գոյատևեց մոտ երկու հարյուր տարի։ Այսինքն երկու դար շարունակ Աստված հետևում էր, թե ինչպես են իր ընտրյալ ժողովրդի տասը ցեղերի ներկայացուցիչները զոհեր մատուցում ոսկե կուռքերին։ Ի վերջո, իհարկե, նա ասորեստանցիներին ուղարկեց նրանց դեմ. արդյունքում՝ մ.թ.ա. 722 թվականին, Հյուսիսային թագավորությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ նրա բնակչությունը հայտնի դարձան որպես «Իսրայելի տասը կորած ցեղեր»։ Մարդիկ մինչ օրս փնտրում են նրանց, սակայն այդպես էլ չեն գտնվում։ Տխուր պատմություն է։ Այնուամենայնիվ, կա մտավախություն, որ նույնիսկ այս պատմությունը հատուկ տպավորություն չի թողնի Փաշինյանի վրա. նա ծրագրեր կազմելիս հաշվի չի առնում այդքան հեռավոր հեռանկարները։ Նրան առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ երկու հարյուր տարի անց։
Այդուհանդերձ, Աստծո զայրույթին արժանանալու հեռանկարը թե՛ իրենց, թե՛ իրենց մերձավորների համար, կարծես թե իսկապես վախեցնում է նրա ենթականերից ոմանց։ Այս գործի շուրջ ծավալվող տարօրինակ իրադարձությունները այլ կերպ բացատրել անհնար է։ Կաթողիկոսի դեմ հարուցված գործի քննությունը սկսելու առաջին փորձը կատարվեց օգոստոսի 7-ին, սակայն անհաջողությամբ ավարտվեց. դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց։ Օգոստոսի 28-ին ձեռնարկված երկրորդ փորձը նույնպես արդյունք չտվեց։ Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել գործը և այն Վաղարշապատ քաղաքից փոխանցեց Երևանի դատարան։ Գործը մակագրվեց քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Վերջինս ևս արագ գործեց և, իր հերթին, գործն ուղարկեց Վճռաբեկ դատարան տարածքային ընդդատության հարցը լուծելու համար։ Այլ կերպ ասած այդ դատավորը ակնհայտորեն խուսափեց եկեղեցու առաջնորդի դեմ գործից: Նրան կարելի է հասկանալ. հենց որ հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է Մելիքյանին, Հայաստանում անմիջապես հիշեցին, որ այդ դատավորի անունը նախկինում շոշափվել է մի շարք սկանդալային պատմություններում։ Օրինակ 2020 թվականին հայկական լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ նրան կանչել են ԱԱԾ և շանտաժի ենթարկել սպառնալով հրապարակել վարկաբեկող ինտիմ բնույթի տեսանյութ։ Ենթադրվում է, որ դա օգտագործվել է դատավորին հարկադրելու համար, որպեսի կայացնի Միքայել Մինասյանի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի ձերբակալման որոշումը։ 2025 թվականին էլ Մելիքյանի նկատմամբ կոռուպցիոն վարույթ էր հարուցվել, թեև հետագայում այն կասեցվել էր։ Կարելի է ենթադրել, որ տեսանյութը չի անհետացել, իսկ կոռուպցիոն գործը կարող է հեշտությամբ վերսկսվել։ Ուստի զարմանալի չէր, որ այս տհաճ գործը հայտնվեց հենց այդ դատավորի ձեռքում։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց խուսափել դրանից. Հայաստանի վճռաբեկ դատարանը գործը վերադարձրեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան միաժամանակ այդ ատյանին մեղադրելով «ֆորմալիզմի», «դատական ձգձգումների» և մարդու իրավունքների խախտումների մեջ։ Այլ կերպ ասած «անեծքով պատված գործը» բումերանգի պես վերադարձավ և մակագրվեց 29-ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին։
Ընդ որում դատախազը, ով սկզբնապես որոշել էր քրեական վարույթ հարուցել Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ, հրաժարական է տվել։ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ դատախազ Խաչատուր Գալստյանը հրաժարական է տվել սեփական նախաձեռնությամբ, և որ այդ քայլը որևէ կերպ կապված չէ Կաթողիկոսի գործի հետ։ Սակայն կապ, իհարկե, գոյություն ունի, ընդ որում շատ սերտ։ Գործով դատախազ է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը։ Հնարավոր է, որ նա ձգտում է դառնալ գլխավոր դատախազ, կամ էլ նրա իրավիճակը նման է դատավոր Մելիքյանի իրավիճակին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am