Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան դեսպանատները Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում հերթական անգամ հիշեցումներ են հրապարակել ամերիկացիներին՝ տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով զգոն լինելու անհրաժեշտության մասին:
Հորդանանում, Իսրայելում, Իրաքում, Կատարում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Լիբանանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները հայտնել են, որ Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով անվտանգության ոլորտում իրավիճակը մնում է բարդ՝ անսպասելի էսկալացիայի հնարավորությամբ:
«Իրանի կողմից աջակցվող հութիների «Անսար Ալլահ» եմենյան ապստամբական շարժումը մարտական գործողություններ է վարում Սաուդյան Արաբիայի դեմ, այդ թվում՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական օդանավակայաններին: Այս ռազմական հակամարտությունը կարող է արագ վերածվել ավելի մասշտաբայինի», - ասվում է նախազգուշացման մեջ:
«Ամերիկացիները, ովքեր ներկայումս գտնվում են Մերձավոր Արևելքում, պետք է ցուցաբերեն բարձրացված զգոնություն և պատրաստ լինեն չվերթների հնարավոր չեղարկումներին, օդային տարածքի փակմանը և տրանսպորտային հաղորդակցության խափանումներին», - նշել են ամերիկացի դիվանագետները:
Նրանք հավելել են, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս, ենթարկվել են հարձակումների:
«Իրանը և նրան աջակցող կազմավորումները կարող են հարվածներ հասցնել արտասահմանում ԱՄՆ այլ օբյեկտների կամ ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ կապված օբյեկտների, ներառյալ ամերիկյան ընկերությունների և այլ հաստատությունների ուղղությամբ», - նշել են դիվանագիտական առաքելություններում:
Դեսպանատները արդեն բազմաթիվ տարիներ ամերիկացիներին հիշեցնում են տարածաշրջանում լարված իրավիճակի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Թուրքի ալ-Մալիքին, թագավորության ՀՕՊ միջոցները հետ են մղել հուսիների ձեռնարկած հրթիռային հարվածը Ալ-Ռիադի ուղղությամբ: