Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱվելի քան 150 տարի սմոքինգը եղել է տղամարդկանց մշտական ուղեկիցը։ Այն ի սկզբանե հորինվել է ընկերների և հարազատների նեղ շրջանակում տնային օգտագործման համար: Այսօր այն դարձել է ավանդական դասական հանդերձանք, որն օգտագործվում է կարևոր արարողությունների և միջոցառումների ժամանակ:
Սմոքինգի մասին առաջին հիշատակումը կարելի է գտնել նշանավոր դերձակ Հենրի Փուլի պատվերների գրքում, 1865 թվականին այդ դերձակը պարտավորվել էր կոստյում կարել Ուելսի արքայազնի համար, ով հետագայում դարձել էր թագավոր: Այդ հագուստի բուն սմոքինգ անվանումը սովորաբար վերագրվում է սըր Բենջամին Դիզրաելիին, ով երկու անգամ ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։
Սմոքինգի հայտնվելուն անուղակիորեն օգնել է Բրիտանական կայսրության վարած գաղութային քաղաքականությունը, որն այն ժամանակ քիչ հայտնի բույսը` ծխախոտը, նոր աշխարհից բերել էր Եվրոպա, և որը շատ արագ ձեռք էր բերել նախանձելի ժողովրդականություն արիստոկրատական համայնքի շրջանում։ Հաշվի առնելով հյուրեր ընդունելու տներում տիրող էթիկետի խիստ կանոններն ու նորմերը անգամ ստեղծվել էին ծխելու համար նախատեսված սենյակներ։ Հենց այդ կարիքների համար էլ անհրաժեշտ էր ստեղծել հագուստի հատուկ տեսակ, որը արիստոկրատները կհագնեին նախքան ծխելու սենյակ գնալը և այնտեղ մնալիս, որպեսի կանխեն ծխախոտի հոտի և ծխի տարածումը այլ սենյակներ: Առաջ իսկական ջենթլմենի ամբողջական հավաքածուն բաղկացած էր երեք բանից. նուրբ կոշիկներ զարդարված ասեղնագործությամբ, խալաթ կարված մետաքսից, թավշից կամ ֆլանելից, ծխելու գլխարկ, որը, ինչպես կոշիկները, զարդարված էր ասեղնագործությամբ։ Հետո դրան էլ ավելացավ սմոքինգը:
Ի տարբերություն անհարմար, մեծածավալ ֆրակների, սմոքինգը հարմարավետ էր և բավականին արագ միայն ծխելու համար նախատեսված կոստյումից վերածվեց արարողակարգային հանդերձանքի։ Նոր աշխարհում սմոքինգ կրելու նորաձևությունը հայտնվել է 19-րդ դարի վերջին՝ շնորհիվ հայտնի Նյու Յորքի Սմոքինգ ակումբի սեփականատեր, ծխախոտի մագնատ Պիեռ Լորիլարդի։ Շատ արագ ամբողջ ամերիկյան վերնախավը սկսեց հայտնվել նմանատիպ հագուստով:
150 տարվա ընթացքում սմոքինգը բազմիցս է փոխել իր տեսքը։ Այսօր կա սահմանված պահանջների ցանկ, որը պետք է խստորեն պահպանել։ Տաբատը պատրաստվում է առանց գոտի կրելու հնարավորության: Բաց երանգի սմոքինգը շատ հազվադեպ երևույթ է, որը կիրառվում է միայն տաք սեզոնին և հարսանիքների ժամանակ, սևը այդ հանդերձանքի համար ունիվերսալ գույնն է: Ինչ վերաբերում է զարդերին, ապա սմոքինգ կրող տղամարդը կարող է իրեն թույլ տալ միայն մատանիներ։ Ժամացույցը պետք է լինի միայն գրպանի: Բաճկոնը կարելու նյութը բուրդ է։ Սմոքինգի հետ կրում են մետաքսե գոտի կամ սև ժիլետ։ Վերնաշապիկը սպիտակ՝ բամբակից, հազվադեպ մետաքս։ Թիթեռնիկ փողկապը բրդի ու մետաքսի համադրությամբ, ընդ որում այն նախապես կապելը համարվում է վատ նշան։
Ժամանակն անցնում է, ի սկզբանե սմոքինգը նախատեսված էր որպես բացառապես տղամարդկանց հագուստ, բայց այսօր այն օգտագործում են նաև կանայք։ Կանացի սմոքինգի մոդելները շատ են տարբերվում տղամարդկանցից։ Նրանք տարբեր կտրվածքներ, ուրվագծեր ունեն և չունեն կրելու խիստ կանոններ։ Այդ հագուստը դարձել է էլեգանտ հավելում կանացի հանդերձանքի բազմազանության մեջ:
Սմոքինգը պահպանում է իր նշանակությունը նաև 21-րդ դարում։ Նույնիսկ դրա գոյության ընթացքում կազմված մեծ թվով կանոնները չեն խանգարում այն կրել քաղաքական գործիչներին, դերասաններին և մարդկանց, ովքեր մտածում են իրենց արտաքինի մասին: Այդ կոստյումի խստությունը և միևնույն ժամանակ նրբագեղությունը գրգռում է դիզայներների միտքը, ովքեր նախանձելի օրինաչափությամբ ստեղծում են սմոքինգների նոր հավաքածուներ։

Կ.Խաչիկյան