Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրալական Qantas ավիաընկերությունը հայտարարել է, որ 2028 թվականի կեսերից կսկսի շահագործումից հանել իր 10 Airbus A380 ինքնաթիռները՝ նախատեսվածից չորս տարի շուտ։ Reuters-ի փոխանցմամբ՝ պատճառը դրանց սպասարկման աճող ծախսերն են և ավելի ժամանակակից ու տնտեսող ինքնաթիռներով նավատորմի համալրումը։
Airbus-ը քառաշարժիչ A380-ը ստեղծել էր հեռավոր թռիչքների շուկայում Boeing 747-ի հետ մրցակցելու համար։ Երկհարկանի հսկան կարող է տեղափոխել մինչև 853 ուղևոր և առաջին առևտրային թռիչքն իրականացրել է 2007 թվականին՝ Singapore Airlines-ի կազմում։ Մինչև արտադրության դադարեցումը՝ 2021 թվականը, Airbus-ը մատակարարել է ընդհանուր առմամբ 251 A380, որոնցից 196-ը դեռ շահագործվում են։
A380-ի հիմնական խնդիրները դարձան վառելիքի և սպասարկման բարձր ծախսերը, ինչպես նաև հարյուրավոր նստատեղերը մշտապես ուղևորներով ապահովելու դժվարությունը։ Ավելի տնտեսող երկշարժիչ Boeing 787-ի և Airbus A350-ի տարածումը ևս նվազեցրեց A380-ի պահանջարկը։ Այսօր մոդելի խոշորագույն շահագործողը Emirates-ն է՝ 116 ինքնաթիռով։ Ընկերությունը նախատեսում է A380-ները շահագործել մինչև 2040-ական թվականները, մինչդեռ մի շարք այլ ավիաընկերություններ պատրաստվում են աստիճանաբար հրաժարվել դրանցից։