Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1324-Ն որոշման մեջ։
Հարկային կարգապահության խրախուսման, հարկերի վճարումը որպես մշակույթ արմատավորելու, ինչպես նաև հարկային վարչարարության շարունակական բարելավման նպատակով նշված որոշմամբ տարիներ առաջ ներդրվել է օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը։ Օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու համար ՊԵԿ-ի հիմնավորմամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսգրքով, ինչպես նաև կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները և նախատեսել համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրնապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները։
Նախագծով առաջարկվում է սահմանել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներ, մասնավորապես՝ բացառել ներդրումային ֆոնդերին հավաստագրի տրամադրումը, վերանայել թե՛ օրինապահ հարկ վճարող համարվելու, թե՛ հավաստագրի գործողության դադարեցման համար թույլ տրվող իրավախախտումների արդյունքում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների սահմանաչափը՝ վերին շեմ սահմանելով 10 միլիոն դրամ՝ նախկին 4 միլիոն դրամի փոխարեն, հարկ վճարողի մոտ դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող հարկային երկու տարում գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասի բացակայություն, հարկ վճարողի գործունեության ոլորտի համար օրենսդրությամբ սահմանված բոլոր լիցենզիաների, արտոնագրերի, ծանուցումների առկայություն, հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է ամսական երկու և ավելի աշխատողի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ընդ որում՝ բոլոր հաշվարկված աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները գերազանցում են նվազագույն աշխատավարձի չափը, ինչպես նաև սահմանվել են երկուսից ոչ ավելի հաշվետու ժամանակաշրջանների համար թույլատրելի իրավախախտումների ժամանակաշրջաններ։
Միաժամանակ սահմանվել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների եռամսյակային պարբերականությամբ մշտադիտարկում և դրանց արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգ։
Այսպիսով՝ նախագծով սահմանվում են օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ, վերանայվում են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման, այդ հարկ վճարողների գործունեության նկատմամբ մշտադիտարկման իրականացման կարգավորումները, ինչպես նաև հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված դրույթներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում