ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ երեկվա նիստում ներկայացրեց իր գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը: Այդ «դարակազմիկ» փաստաթղթի և օրվա գլխավոր հռետորի կրքոտ ու ոչ այնքան կրքոտ դրսևորումներին դեռ առիթ կլինի անդրադառնալ մանրամասնորեն: Իսկ մինչ այդ, կարծում ենք, կարիք կա մի քանի առանցքային հարցերի ուշադրություն դարձնել:

Նախ՝ ինչն է հատկանշական երեկվա ծրագրաներկայացման հետ կապված. թե՛ նախանախընտրական շրջանում, թե՛ բուն ընտրապայքարի ընթացքում, նաև՝ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն, այսպես ասենք, առանձնացել է կոշտ, վիրավորական, այդ թվում՝ գռեհիկ արտահայտություններով, ֆիզիկական հաշվեհարդարի հրապարակային սպառնալիքներով: Բայց նրա գլխավորած ՔՊ-ն, ինչը շատերն են արդեն արձանագրել, նորակազմ ԱԺ-ում ձև է բռնել, թե բարեկիրթ, քաղաքակիրթ վարք են դրսևորում:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, արագորեն ցրեց այդ ձևական պատրանքները, մանավանդ, երբ անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցուն ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսին: Փաշինյանը, ինչպես և բնորոշ է իրեն, գործածեց վիրավորական, արգահատելի և որևէ քրիստոնյայի համար անընդունելի բառապաշար, բնորոշումներ, որոնք մենք այստեղ չենք կրկնի կամ մեջբերի, թեպետ երեկ դա բոլորն էլ լսեցին:

Հիմա՝ բուն ծրագրի ու ծրագրային ելույթի մի քանի առանցքային կետերի մասին՝ զուտ բովանդակային առումով, եթե ընդհանրապես բովանդակության մասին խոսելն այս կառավարության դեպքում ճիշտ է: Փաշինյանը նախ ազդարարեց, թե այլևս «չորրորդ հանրապետությունը» հիմնադրված է, Զինված ուժերում վերջին 11 օրվա մեջ 4-րդ զինծառայողի մահվան (սպանության կամ ինքնասպանության) խորապատկերում հայտարարեց, թե «բանակը դինամիկ զարգանում է»: Նաև ասաց, որ «նոր Սահմանադրության» (որը դեռ մի քանի ամիս պիտի գրվի) նախաբանում ՀՀ Անկախության հռչակագրին հղում չի լինի: Բայց դա արդեն զարմանալի էլ չէ՝ հաշվի առնելով ինչպես Ալիևի հրապարակային պահանջը նաև այդ մասով, այնպես էլ՝ Փաշինյանի կողմից գործնականում այն ընդունելն ու ավելի վաղ հնչեցնելը:

Այսուհանդերձ, հիմնական պահերից մեկը Հայ առաքելական եկեղեցու դեմ ՔՊ-ի առաջնորդի ոտնձգությունները շարունակելու մղումն ու դրան ինստիտուցիոնալիզացված փաթեթավորում տալն է: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի մղումներն ու դրսևորումները այլևս բարձրացված են «կառավարության ծրագրի» մակարդակ: Մի բան, որ ոչ միայն աբսուրդ է քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ազգի ու հինականում այդ ազգը ներկայացնող պետության պարագայում, այլև տիեզերական մասշտաբի խայտառակություն է և անջնջելի խարան:

Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ծրագրում նշում է. «Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար. 1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն: 2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր: 3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը»:

Պարզ ասած՝ Փաշինյանը կառավարության ծրագիր է կազմել այն մասին, որ հեռացնի Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա ամենացինիկ և ուղիղ միջամտություն է Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը, Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության ինքնավար գործունեությանը: Հանգամանքներ, որ ուղղակիորեն խախտում են Հայաստանի Սահմանադրությունը: Չունի որևէ աշխարհիկ մարմին, թեկուզ տասնապատիկ վարչապետ կամ սուպերվարչապետ կոչվի, Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք: Անկախ այն բանից՝ նման անիրավության դիմողը քանի՞ սաղմոս անգիր կարտասանի, թե չի արտասանի:

Մյուս կողմից՝ կառավարության ծրագրում բացահայտ հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական դրույթներ ներառելը գալիս է ամբողջացնելու այն բռնաճնշումները և հալածանքները, որոնք արդեն շուրջ 2 տարի փաշինյանական իշխանությունը վարում է ՀԱԵ-ի, Վեհափառի և բարձրաստիճան հոգևորականության դեմ:

Դա ևս ունի իր խորքային պատճառները. Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ազգային ամենից ազդեցիկ ու վստահություն վայելող կառույցը (բոլոր հարցումներն են դա վկայում), ՀԱԵ-ն, ցանցային կառույց լինելով, շարունակում է ունենալ իր ազդեցությունը ազգային կյանքի ու հարցերի վրա: Հիմնականներից մեկը՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրա առաջնորդությամբ Հայ առաքելական եկեղեցին չեն ընկրկում ահաբեկումների և բռնաճնշումների առաջ, շարունակում են հետամուտ լինել ազգային շահերին, շարունակում են բարձրացնել Արցախի հայության իրավունքի և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը:

Իսկ «Ղարաբաղյան շարժման» էջը փակած հռչակող, Արցախ բառն այլևս արգելված ճանաչող (առնվազն՝ ՔՊ շրջանակում) Փաշինյանի համար դա անընդունելի է:

Մի խոսքով, Եկեղեցին խանգարում է, ու այն պետք է քանդել:

Այդ խորապատկերում, ի դեպ, «չորրորդ հանրապետության» մասին ազդարարումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «երրորդ հանրապետության» պատմաքաղաքական ժառանգության զրոյացում, ուրացում և թաղում: Այսինքն, ավիրման հետևողական շղթայի ևս մեկ օղակ:

Բայց...

«Երրորդ Հանրապետությունը» հռչակվել ու ազդարարվել է հենց Անկախության հռչակագրով, 1990 թվականի այս օրերին, ի դեպ: Իսկ «չորրո՞րդը»... 49 տոկոս ձայն ստացած Փաշինյանի ելույթով: Դրանք կամընտրական տարբեր երևույթներ են:

Պարզ է մեկ բան. առաջիկա օրերին ու շաբաթներին սպասվում են փաշինյանական իշխանության կողմից նոր հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իսկ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան նաև քաղաքական դաշտում այդ հարձակումներին դիմակայելու ավելի արդյունավետ տարբերակներ գտնել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular