«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է իսկական քաղաքական իլյուզիոնիստ։ Նա պարբերաբար հորինում է աշխարհի և իր սեփական հասարակության հետ փոխազդեցության անիրատեսական ձևաչափեր և անկեղծորեն փորձում է համոզել ուրիշներին, որ դա այդպես է, գրում է vz.ru–ն։
Եթե նախկինում դա հիմնականում վերաբերում էր Հայաստանի ներքին հարցերին (օրինակ Հայաստանը չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց միևնույն ժամանակ այն չէր համարում Ադրբեջանի մաս), ապա հիմա նման հավասարակշռման գործողությունները վերաբերվում են Ռուսաստանին։ Օրինակ Փաշինյանը մշակել է ՀԱՊԿ-ում Հայաստանի գոյության նոր ձևաչափ, այսպես կոչված «անդամակցության սառեցում», որը նախատեսված չէ կազմակերպության որևէ կանոնադրական փաստաթղթով։ Այդ ձևաչափի համաձայն Երևանը մնում է կազմակերպության անդամ և հույսը դնում է նրա պաշտպանության վրա, բայց միևնույն ժամանակ չի վճարում անդամավճարներ, չի ստանձնում որևէ պարտավորություն և չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին։
Փաշինյանի քաղաքական հավասարակշռման գործողության գագաթնակետն էլ դարձել է եվրոպական ինտեգրման թեման։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, բայց Ռուսաստանը պետք է վճարի այդ գործընթացի համար շարունակելով սուբսիդավորել երկրի տնտեսությունը մինչև ԵՄ-ին միանալը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը հրաժարվում է անցկացնել եվրաինտեգրման վերաբերյալ հանրաքվե կամ դուրս գալ Եվրասիական միությունից մինչև Հայաստանի ԵՄ-ին միանալը։
Հարցն այն է, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանը շարունակի քարշ տալ Հայաստանի, ըստ էության, առանց բռնակի ճամպրուկը, դեպի եվրոպական դաշտեր: Այո, մեր ժողովուրդները դարեր շարունակ զարգացել են մեկ պետության, նախ Ռուսական կայսրության, ապա Խորհրդային Միության շրջանակներում: Այո, հայերը ակտիվորեն ներդրումներ են կատարել ընդհանուր մշակույթի (Այվազովսկի), ռազմական գիտության (Բաղրամյան), գիտության (Համբարձումյան, Բաբայան) և այլնի զարգացման գործում: Այո, մեզ միավորում է ընդհանուր քրիստոնեական հավատքը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը (ՀԽՍՀ-ի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը գնացել է ռազմաճակատ, և նրանց գրեթե կեսը տուն չի վերադարձել):
Այնուամենայնիվ, այսօր այդ եղբայրական կապերից քիչ բան է մնացել: Հակառակ դեպքում, Հայաստանը չէր երազի միանալու Եվրամիությանը (որը սոցիալ-տնտեսական միությունից վերածվում է խիստ հակառուսական ռազմաքաղաքական դաշինքի) և, անշուշտ, երկու անգամ չէր վերընտրի Նիկոլ Փաշինյանին։ Նա այն մարդն է, ով պաշտպանում է ռուսական ինտեգրացիոն միավորումներից՝ ՀԱՊԿ-ից (որի շնորհիվ Հայաստանը չի գրավվել թուրքերի կողմից) և Եվրասիական տնտեսական միությունից (որի շնորհիվ հայկական տնտեսությունը չի փլուզվել), դուրս գալը։
Ռուսաստանը նախապես է մարել Հայաստանի նկատմամբ բոլոր պարտքերը (եթե անգամ դրանք երբևէ գոյություն են ունեցել) երկու փուլով, 19-րդ դարի սկզբին (երբ իր թևի տակ վերցրեց տարածքը Պարսկաստանից այնտեղ փախած հայերի հետ միասին), ապա 20-րդ դարի սկզբին (երբ կանխեց Թուրքիայի կողմից Ռուսական կայսրության ամբողջ հայկական մնացորդը գրավելը)։
Ժամանակակից Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է հեռանալ Մոսկվայից և բարոյական աջակցություն հայտնել Կիևին միևնույն ժամանակ պնդելով, որ Ռուսաստանը պարտք է իրեն։ Ռուսաստանը պետք է պաշտպանի Հայաստանը թուրքերից, Երևանի համար պետք է փչացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ, և վերջապես, պետք է պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը այն իրավիճակում, երբ Հայաստանն ինքը հրաժարվում է դա անել (օրինակ ադրբեջանական զորքերի կողմից հայկական տարածքներ ներխուժելուց հետո Փաշինյանն ինքը հրաժարվեց պաշտպանել դրանք և նույնիսկ զորահավաք չհայտարարեց):
Միգուցե՞ ռուսները պարտավոր են կրել այս հայկական ճամպրուկը, քանի որ պատասխանատու են հարևանների գործերի համար: Այո՛, պատասխանատու են: Ինչպես ցանկացած մեծ տերություն, Ռուսաստանը կարևորում է իր ծայրամասերում տեղի ունեցող գործընթացները, բայց դա չի նշանակում «ապահովել իր բոլոր հարևանների բարեկեցությունը»: Եթե նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը պատասխանատու լինի իրենց համար, ապա ունեն լիարժեք իրավունք անցկացնել հանրաքվե և խնդրել վերամիավորվել ռուսական պետության մեջ: Հակառակ դեպքում, Ռուսաստանի միակ «պարտականությունն» է ապահովել, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները չսպառնան Ռուսաստանի շահերին և անվտանգությանը:
Իսկ նման սպառնալիքներ կան: Հայկական վերնախավի ցանկությունն է երկիրը ներքաշել հակառուսական դաշինքի մեջ, այն վերածել «տրոյական ձիու» ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության շրջանակներում, և այդ ամենը Հայաստանը դարձնում է մի խնդիր, որը Մոսկվան ստիպված է լուծել: Եվ Ռուսաստանը դա անում է առանց խախտելու օրենքները կամ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Այսպիսով, Հայաստանին ՀԱՊԿ–ում քվեարկության իրավունքից զրկելու հարցը, հավանաբար, կբարձրացվի նոյեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում։ Հնարավոր է, որ Եվրասիական միության շրջանակներում լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն, որի դրույթները (օրինակ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ) խախտում է Երևանը։
Ըստ էության, Մոսկվան համակարգված և դաժանորեն ոչնչացնում է Փաշինյանի կողմից հայ բնակչության համար նկարված երևակայական աշխարհը, իսկ դա մի աշխարհ է, որտեղ քաղաքական նախագծերը անվերապահորեն ֆինանսավորվում են ռուս հարկատուների կողմից, և որտեղ Երևանը ստիպված չի լինում պատասխան տալ իր գործողությունների համար։ Ռուսաստանը ոչնչացնում է այդ պատրանքը, և հիմա ժամանակն է, որ հայերը որոշեն, թե ի՞նչ անեն իրենց քաղաքական իլյուզիոնիստի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am