100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Տեխաս նահանգում իրավապահները 14 տարի անց բացահայտել են 32-ամյա Իրասեմա Չավեսի սպանության գործը։ Ինչպես հայտնում է People-ը, գործով ձերբակալվել է սպանված կնոջ մտերիմ ընկերուհին՝ 42-ամյա Մայրա Վելասկեսը։
Քննության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 20-ին։ Չավեսը սպանվել էր իր բնակարանում՝ ստանալով ավելի քան 100 դանակի հարված։
Շենքի տեսահսկման տեսախցիկների կադրերում երևացել էր, թե ինչպես է լայն հագուստով անհայտ անձը մոտենում բնակարանին։ Կարճ զրույցից հետո Չավեսը նրան ներս է հրավիրել, սակայն այդ ժամանակ քննիչներին չէր հաջողվել պարզել այցելողի ինքնությունը։
Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև արյան կաթիլ, որը, փորձաքննության համաձայն, պատկանում էր անհայտ լատինաամերիկացի կնոջ։ Այդ ժամանակ այդ ապացույցը չէր օգնել բացահայտել հանցագործությունը։
Գործի շրջադարձային պահը վրա է հասել միայն 2026 թվականին, երբ ոստիկանությունը ձեռք է բերել Մայրա Վելասկեսի ԴՆԹ-ի նմուշը՝ նրա կողմից օգտագործված և դեն նետված պլաստիկե պատառաքաղից։ Փորձաքննությունը հաստատել է, որ այն ամբողջությամբ համընկնում է հանցագործության վայրում հայտնաբերված արյան հետքերի հետ։
Քննության ընթացքում պարզվել է նաև, որ սպանությունից հետո Վելասկեսը շարունակել է բնականոն կյանքը՝ ընտանիք կազմելով, աշխատելով որպես անշարժ գույքի գործակալ և արժանանալով մասնագիտական պարգևների։ Նրա սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում հաճախ երևում էին ընտանեկան հանգիստն ու արտասահմանյան ճանապարհորդությունները։
Մեղադրյալի հնարավոր շարժառիթը դեռևս հայտնի չէ։ Նա գտնվում է կալանքի տակ և սպասում է դատավարությանը։