Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուլիսի 19-ին բեռնման աշխատանքների ընթացքում հեռակա նավահանգստային կցակառույցներում երկու ծովային լցանավ՝ «ASIA»-ն՝ «Tengizchevroil» («Chevron») ընկերության նավթով, և «NISSOS IOS»-ը՝ «Kashagan B.V.» և «Maten» («KazMunayGas» ԲԲԸ ԱԱԸ) ընկերությունների նավթով, ենթարկվել են նպատակային ահաբեկչական հարձակման՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Այս մասին հաղորդում է Կասպիական խողովակաշարային կոնսորցիումը։
«Լիբերիայի («ASIA») և Մարշալյան կղզիների («NISSOS IOS») դրոշների ներքո ընթացող լցանավերի վրա գտնվում են միջազգային անձնակազմեր։
Հարձակման հետևանքով «ASIA» լցանավի վրա հրդեհ է բռնկվել, որը մարվել է։ Նավթի բեռնավորումը դադարեցվել է։ Տուժածներ և զոհեր չկան։ Նավթի արտահոսք թույլ չի տրվել։ Անձնակազմի անդամներին բժշկական օգնություն չի պահանջվել։ Լցանավը պահպանել է լողունակությունը, իրականացվում է վնասների գնահատում։
Կասպիական խողովակաշարային կոնսորցիումը միավորում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ղազախստանի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների վառելիքաէներգետիկ համալիրի խոշորագույն ձեռնարկությունները։ Կարծում ենք, որ ընկերության օբյեկտի և ծովային տերմինալի ջրատարածքում գտնվող քաղաքացիական նավերի վրա հարձակումը նաև հարձակում է կոնսորցիումի մասնակից երկրների շահերի դեմ։
Ընդգծենք, որ սա արդեն հինգերորդ ուղիղ ագրեսիայի ակտն է կոնսորցիումի բացառապես քաղաքացիական օբյեկտի դեմ, որը գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո։
Նշենք, որ կոնսորցիումի նկատմամբ երբեք չեն կիրառվել որևէ պատժամիջոցային կամ սահմանափակող միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։