Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայում 41-ամյա պալիատիվ խնամքի բժիշկը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 15 հիվանդի սպանության համար:
Քննության տվյալներով՝ բժիշկը, որն աշխատում էր անբուժելի հիվանդների հետ, 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում առանց նրանց համաձայնության հիվանդներին մահացու չափաբաժիններով դեղամիջոցներ է ներարկել։
Զոհերի թվում եղել են 12 կին և երեք տղամարդ՝ 25-ից 94 տարեկան։
Ըստ դատավարության նյութերի՝ ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ նա մեկ օրում սպանել է 75-ամյա տղամարդու և 76-ամյա կնոջ։ Քննության վարկածով՝ դեպքերից մեկից հետո նա փորձել է հրդեհել զոհի տունը՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով։
Բժիշկը դատարանում հայտարարել է, որ իր գործողությունները պայմանավորված էին հիվանդների տառապանքները թեթևացնելու ցանկությամբ։
Սակայն դատախազությունը կարծում է, որ դատարանում ապացուցված 15 սպանությունները կարող են կազմել նրա կատարած հանցագործությունների միայն մի մասը։ Ներկայումս քննվում է ևս 76 կասկածելի մահվան դեպք։