Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի
ՖՈՏՈՏոսկանական Տենուտա Սան կալվածքի սեփականատեր մարկիզ Մարիո Ինչիզա դելլա Ռոկետտան մեծապես հիանում էր Բորդոյի գինիներով։ Հետևաբար, տոսկանական օրենքներին հակառակ, նա իր խաղողի այգիներում տնկել է ֆրանսիական Կաբեռնե Սովինյոն և Կաբեռնե Ֆրանկ որթատունկեր։ Գինեգործ Ջակոմո Տաչիզան էլ օգնել է ստացված խաղողից գինի պատրաստել, և 1943 թվականից ի վեր կալվածքի սեփականատերերը վայելել են սեփական արտադրության գերազանց կարմիր գինին։ Առաջին Սասսիկայա գինին, կամ թարգմանաբար «քարոտ հողը», շուկայում հայտնվել է միայն 1968 թվականին դասակարգվելով որպես vino de tavola։
Առաջին համտեսը, որտեղ այդ գինին սենսացիա է առաջացրել, կազմակերպվել է 1974 թվականին Decanter ամսագրի կողմից։ Իտալական ինչ որ գյուղից այդ քիչ հայտնի գինին բոլոր առումներով գերազանցել է հայտնի Բորդոյի գինիներին, որոնք ունեին Grand Cru կարգավիճակ։ Ամերիկացի քննադատ Ռոբերտ Փարքերը 1985 թվականի Սասսիկայա գինուն տվել է 100 միավոր։ Հետագա համտեսողները պակաս էին ոգևորված այդ գինով, բայց բոլորը հիանում էին դրա անհավանական հարստությամբ և համեմատում այն Պոմերոլի լավագույն գինիների հետ։ Այսպիսով, Սասսիկայան դարձել է Կաբեռնե Սովինյոնի խաղողից գինիների չափանիշերից մեկը և առաջին գինին, որը ստացել է իր սեփական DOC կարգավիճակը։
Ի դեպ, չնայած մասնագետների ոգևորված գովասանքին, Սասսիկայան ստացել է իր DOC անվանումը միայն իր սկզբնական թողարկումից 20 տարի անց։ Այժմ Սասսիկայան բաղկացած է 80% Կաբեռնե Սովինյոնից և 20% Կաբեռնե Ֆրանկից։ Երիտասարդ գինին լցվում է կաղնե տակառների մեջ, հնեցվում է առնվազն երկու տարի, ապա շշալցվում և հնեցվում ևս մեկ տարի։
Ֆրանսիական խաղողից պատրաստված այս իտալական գինին հիմնականում արտահանվում է Միացյալ Նահանգներ։ Ամերիկացիները սիրում են այս լիարժեք գունավորված գինիները՝ հարուստ համով և բույրով։ Կա նույնիսկ մի տեսություն, որ իտալացիները այս գինիները արտադրում են հատուկ արտասահմանյան սպառողների, այլ ոչ թե իրենց վայելելու համար։
Ինչևէ, Սասսիկաիայի պատմությունը հանգեցրել է այլ ոչ ավանդական գինիների, ինչպիսիք են Օրնելայան և Սոլայան, ի հայտ գալուն։ Աստիճանաբար Իտալիայում զարգացել են բոլոր կանոններին հակառակ ստեղծված գինիների մի խումբ, որոնք այժմ միասին հայտնի են որպես «Սուպեր տոսկանականներ»։ Այս գինիներից շատերը դեռևս պիտակավորվում են որպես vino de tavola, բայց չնայած դրան, դրանք ունեն գերազանց համ և շատ սիրված են ոչ միայն սովորական սպառողների, այլ նաև նուրբ գինիների հավաքորդների շրջանում։
Հետաքրքիր է այն, որ Սասսիկայա գինին կարելի է գտնել նաև Հայաստանում, թեև այն ներկայացված է սահմանափակ քանակությամբ և համարվում է պրեմիում դասի գինի։ Եթե ցանկանում եք գնել Sassicaia Հայաստանում, խորհուրդ է տրվում նախապես ճշտել առկայությունը, քանի որ հատկապես բարձր գնահատված տարեթվերի շշերը հաճախ արագ են սպառվում։
Կ. Խաչիկյան