Ստամբուլում շուրջ 10 հազար մարդ բողոքում է Էրդողանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի կենտրոնում ցույց է տեղի ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, որին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, հաղորդում է BBC-ն:
Մինչ այդ ցույցի մասնակիցները երթով Անկարայից հասել էին Ստամբուլ: Ավելի քան 400 կմ երկարությամբ «Արդարության երթը» մեկնարկել էր հունիսի 15-ից:
Ակցիայի մասնակիցները բողոքում են անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունների և պաշտոնանկությունների դեմ: BBC-ի թղթակից Մարկ Լոուենը Ստամբուլից հայտնում է, որ երթը կարելի է անվանել աննախադեպ քաղաքական մարտահրավեր Էրդողանի դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույցի մասնակիցներին մեղադրել է ահաբեկչության մեջ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչ Ժողովրդահանրապետական կուսակցությունը դուրս է եկել ընդդիմադիր գործունեության շրջանակից և գործում է ահաբեկչական խմբավորումների հետ համատեղ:
ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երթի կոչ էր արել այն բանից հետո, երբ կուսակցության անդամներից մեկը՝ Էնիս Բերբերօղլուն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման: