ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հանրային ծավալուն հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ճգնաժամային բարոյահոգեբանական մթնոլորտին և տնտեսական համակարգին սպառնացող անմիջական վտանգներին։

Անցած ընտրական գործընթացներից հետո Հայաստանում սպասվող ներքին կայունության, հանդարտության և հանրային համերաշխության փոխարեն արձանագրվում է լիակատար հակառակ պատկերը, որն է՛լ ավելի է խորացնում հասարակության ներսում առկա վտանգավոր պառակտումը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ փաստում է, որ հետընտրական իրականությունը բնութագրվում է չարության, լարվածության և ժողովրդից կտրվածության աճով։ Քաղաքական գործիչը հայտնում է, որ ընտրություններին հաջորդած օրերին իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակում, ինչը հնարավորություն է տվել որոշակիորեն կտրվելու ընթացիկ բարդ իրականությունից և առկա պետական ու հասարակական խնդիրներին նայելու ավելի լայն, ռազմավարական տեսանկյունից։

Հայտարարության մեջ ԲՀԿ առաջնորդն ընդգծում է, որ թեև իր և իր քաղաքական թիմի հանդեպ իրականացվել են աննախադեպ հարձակումներ ու դրսևորվել է անարդարություն, ինքը նպատակահարմար չի համարում կենտրոնանալ անձնական կամ թիմային խնդիրների վրա, քանի որ այդ հարցերն իրավական և քաղաքական հարթություններում հասցեագրում են իր թիմակիցներն ու իրավաբանները։ Փոխարենը, քաղաքական գործիչը վեր է հանում հանրությանը հուզող և պետության ապագային վերաբերող ամենաարմատական հարցադրումները, թե ինչո՞ւ նույնիսկ ընտրական փուլի ավարտից հետո իրավիճակը երկրում չի հանդարտվում, և ե՞րբ են ի վերջո Հայաստանում տեղի ունենալու դեպի լավը տանող իրական փոփոխություններ։ Այս առումով նա իր խոսքում ուղղակիորեն հարցնում է. «Մի՞թե 8 տարին հերիք չէր, որպեսզի երկրում ձևավորվեր համերաշխության մթնոլորտ... Իսկ գուցե նման խնդիր ընդհանրապես չի՞ դրվել»։

Այս կարևորագույն հարցերին Գագիկ Ծառուկյանը պատասխանում է սեփական հարցադրումներով՝ ուղղված երկրի քաղաքական համակարգին և անցած տարիների կառավարման մշակույթին։ Նա տարակուսանք է հայտնում, թե ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ հնարավոր չեղավ հասնել նրան, որ ընտրարշավները լինեն բացառապես ծրագրային, զերծ թշնամանքից, սպառնալիքներից ու ատելության խոսքից։ Գործչի համոզմամբ՝ երկրում իրական և դրական փոփոխություններ հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ հասարակությունն ու քաղաքական վերնախավը հասկանան, որ բոլորը գտնվում են մեկ ընդհանուր նավի մեջ, որտեղ ցանկացած պաշտոն, մանդատ կամ անհատական նեղ շահ լիովին անիմաստ կդառնան, եթե այդ ընդհանուր նավը վթարվի։

Անդրադառնալով իր հասցեին շրջանառվող այն թեզերին, թե ինքը ընտրական պրոցես է մտել սեփական կապիտալն ու ունեցվածքը փրկելու համար, Գագիկ Ծառուկյանը շեշտում է, որ իրականությունը հակառակն է։ Նա փաստում է, որ հրաժարվել է իր համար հանդարտ ու անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել երկրին դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից։ Նա նշում է, որ կարող էր շատերի նման մի կողմ քաշվել և մտածել միայն անձնական բարեկեցության մասին, սակայն երբ տեսնում է, որ հայրենիքը կանգնած է լուրջ խնդիրների առաջ, չի կարող ցուցաբերել անտարբերություն։ Ըստ քաղաքական գործչի՝ հենց անտարբերությունն է հանդիսանում ամենամեծ խնդիրների աղբյուրը, որը գալիս է ընդհանուր տան և ընդհանուր խնդիրների գաղաղափարը խորությամբ չգիտակցելուց ու չզգալուց։ Նոր մտածողությունը, որն այսօր անհրաժեշտ է երկրին, պետք է ենթադրի փոխադարձ հարգանք, իրար լսելու և դիմացինի ուրախությունն ու ցավը կիսելու կարողություն, սակայն ներկայումս հասարակությունը զրկված է այդ գիտակցումից։

ԲՀԿ առաջնորդը մտահոգություն է հայտնում, որ եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու մարտահրավերների, իսկ երկիրն այժմ ընթանում է հենց այդ ուղղությամբ, ապա տուժելու են բոլորը՝ առանց բացառության, և այդ իրավիճակում հաղթողներ չեն լինելու, քանի որ կորուստները լինելու են ընդհանուր։ Ծառուկյանը շեշտում է, որ իր վերջին շրջանի հանրային գործունեությունը կառուցել է բացառապես ներքին համերաշխության գաղափարի վրա, որը պետք է հանդիսանար հետպատերազմյան վերականգնման հիմնաքարը։ Ցավոք, ներքին համերաշխության փոխարեն, այս ընտրությունների հետևանքով երկրում է՛լ ավելի խորացան չարությունը, լարվածությունը և ժողովրդի պառակտվածությունը։

Հայտարարության մեջ ուշադրություն է դարձվում կադրային քաղաքականությանը և հասարակության ներքին բաժանումներին։ Գործիչը նշում է, որ առաջիկայում պետությունը պարտավոր է լինելու ընդունել դժվար որոշումներ և գտնել լուծումներ, սակայն առկա է կասկած, որ հանրությունն ու իշխանությունները լիովին գիտակցում են պահի լրջությունը։ Ժողովուրդը բաժանված է տարբեր ճամբարների, իսկ ունակ կադրերը, փորձառու մասնագետներն ու գիտելիք ունեցող գործիչները որոշումների կայացման վրա ազդելու որևէ հնարավորություն չունեն և անտեսված են միայն այն պատճառով, որ չեն համարվում «յուրային»։ Սփյուռքին պետության ներսում նայում են որպես օտարի, իսկ ներսի ընդդիմախոսներին՝ որպես թշնամու, ինչը բարդ մթնոլորտ է ստեղծում երկրի ապագայի համար։

Քաղաքական գործչի հայտարարության առանցքային հատվածը վերաբերում է տնտեսական իրողություններին։ Ծառուկյանը խնդրահարույց է որակում այն փաստը, որ նույնիսկ տնտեսությունն է այսօր բաժանվում ռուսամետի և արևմտամետի, ինչը չի կարող նորմալ համարվել զարգացող պետության համար։ Նա մատնանշում է արտաքին շուկաներում ընթացող վտանգավոր գործընթացները, որոնք կարող են ծանր հետևանքներ ունենալ հայկական արտադրողի համար։ 

Գագիկ Ծառուկյանն ահազանգում է, որ ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։ Ըստ նրա՝ մինչ երկրում զբաղված են ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Այս համատեքստում նա բաց տեքստով զգուշացնում է. «Քանի դեռ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները»։ Նման տեմպերով շարունակվելու դեպքում հայ գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, գործարարները կանգնելու են սնանկացման փաստի առաջ, պետական բյուջեն ունենալու է լուրջ խնդիրներ, իսկ տնտեսության իրական ճյուղերը կարող են ուղղակիորեն ոչնչանալ։ Տարակուսելի է, թե ինչպես էր կարելի նման իրավիճակ թույլ տալ, և պատասխանը, ըստ գործչի, կրկին հանգում է միասնական երկրի և միասնական խնդիրների զգացողության բացակայությանը։

Իր հանրային խոսքի ավարտին Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ իր կողմից նախաձեռնված և կառուցվող Քրիստոսի արձանն ու «Նոյյան տապան» համալիրը, բացի երկրի համար ակնկալվող տնտեսական օգուտներից, ունեն խորհրդանշական շատ ավելի կարևոր առաքելություն։ Դրանք կոչված են դառնալու հայ ժողովրդի միասնականության, ընդհանուր նպատակների և ընդհանուր ապագայի խորհրդանիշը, որն այժմ անհրաժեշտ է պառակտվածության ճահճից դուրս գալու և պետականությունը պահպանելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular