Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի արևելքում գտնվող Տոմբլեն քաղաքում պարաշյուտիստներով քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ, միջադեպի հետևանքով զոհվել են օդաչուն և 10 ուղևորներ, այդ թվում՝ հինգ ուսանող և հինգ հրահանգիչ։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, պարաշյուտիստների դպրոցի օգտագործած ինքնաթիռը կործանվել է Նանսի-Էսսե օդանավակայանից թռիչք կատարելուց հետո։ Ոստիկանությունը հանրությանը կոչ է արել խուսափել Մյորթ է Մոզել դեպարտամենտի օդանավակայանի շրջակա տարածքից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը մեկնել է դեպքի վայր, հայտնել են ՆԳՆ-ից։
Արևելյան Մյորթ է Մոզել դեպարտամենտի պրեֆեկտ Իվ Սեգին հայտնել է, որ միջադեպի հետևանքով անցորդներից ոչ ոք չի տուժել։
Տեղական պաշտոնյաները նաև հայտնել են, որ ավիավթարի զոհերի հարազատները աղետի պահին գտնվել են օդանավակայանում։