Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրի փոփոխությունները կարող են ազդել տարանցիկ երկրների եկամուտների վրա, բայց նաև կարող են նոր հնարավորություններ բացել տրանսպորտային ենթակառուցվածքների և միջազգային երթուղիների համար, գրում է 24.kz–ն։ Իր տարածքով Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների կրճատման պատճառով Վրաստանը կարող է կորցնել տարանցիկ եկամուտների մի մասը։
Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ այդ լոգիստիկ փոփոխությունները կարող են նաև նոր տնտեսական հնարավորություններ բացել երկրի համար։ «Կարծում եմ՝ այստեղ պետք է հաշվի առնել մի քանի գործոն։ Առաջինը տարանցումն է։ Չնայած Վրաստանի համար դա խիստ կարևոր չէ, բայց եկամտի զգալի աղբյուր է։ Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերներին, ինչը կարող է հանգեցնել վրացական շուկա ավելի շատ հայկական ապրանքների մուտքի, մրցակցության աճի և հնարավոր է գների իջեցման»,– կարծիք է հայտնել տնտեսագետ Գիորգի Խիշտովանին։ Մասնագետների կարծիքով, տարածաշրջանային լոգիստիկայի փոփոխությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միջին միջանցքի զարգացմանը և կամրապնդեն Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տնտեսական համագործակցությունը։ «Սա մեզ ավելի մեծ ներուժ է տալիս Միջին միջանցքի զարգացման համար։ Միասնական տնտեսական տարածքի ձևավորումը կունենա զարգացած լոգիստիկա և տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Տարբեր տրանսպորտային համակարգերը, ինչպես նաև հարկային և տնտեսական պարամետրերը նույնպես կհամաժամեցվեն, ինչը թույլ կտա մեզ արդյունավետորեն ինտեգրվել Եվրամիության և զարգացած երկրների տնտեսություններին։ Այսպիսով, հայկական բեռնափոխադրումների հոսքերի վերահասցեավորումը կբարձրացնի վրացական երկաթուղիների և նավահանգիստների հզորությունը, իսկ նոր տրանսպորտային ուղիների զարգացումը կբացի լրացուցիչ արտահանման և առևտրի հնարավորություններ տարածաշրջանի երկրների համար»,– կարծում է տրանսպորտի և լոգիստիկայի փորձագետ Վասո Ուրուշաձեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am