Խոշոր հրդեհ Էկվադորի նավահանգստում․ վնասվել է ավելի քան 30 նավ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷկվադորի Մանտա նավահանգստի ձկնորսական հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վնասվել է ավելի քան 30 նավ, գրում է El Universo թերթը։
Իշխանությունների տվյալներով, վնաս է հասցվել 14 ձկնորսական նավի և 21 նավակի։ Երկու մարդ ստացել է ծանր այրվածքներ և հոսպիտալացվել։
Դեպքից հետո սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել ենթադրություններ հնարավոր ահաբեկչության կամ դիվերսիայի մասին։ Սակայն Էկվադորի իշխանությունները հայտարարել են, որ այս պահին կանխամտածված հարձակման նշաններ չեն տեսնում։
Մանաբի նահանգի նահանգապետ Ավրորա Վալյեն հայտնել է, որ տեսագրությունների նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ հրդեհը սկսվել է նավերից մեկում, այլ ոչ թե արտաքին ազդեցության հետևանքով։
Ոստիկանությունը նույնպես հերքել է կազմակերպված հանցավոր խմբավորումների առնչության վարկածը։ Նախնական տվյալներով, հրդեհը տեղի է ունեցել նավամատույցում կանգնած նավում եռակցման աշխատանքների ընթացքում։ Կրակի հետևանքով կտրվել են ամրապարանները, ինչից հետո նավը սկսել է անվերահսկելիորեն շարժվել և նպաստել է բոցի տարածմանը հարևան լողամիջոցների վրա։
Միջադեպի մասշտաբների պատճառով իշխանությունները ստեղծել են հատուկ տեխնիկական հանձնաժողով՝ դեպքի պատճառներն ու վնասի չափը գնահատելու համար։ Կորուստների գումարը դեռ չի հաշվարկվել, սակայն ակնկալվում է, որ հիմնական տնտեսական վնասը կապված է նավերի ոչնչացման և վնասման հետ։
Բացի այդ, Շրջակա միջավայրի նախարարության և արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետները գնահատում են հրդեհի հնարավոր բնապահպանական հետևանքները։