ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է «Օսկար» կինոմրցանակը ստացել իր անվանումը

ՖՈՏՈ

Նախորդ դարի 20-ական թվականներին Հոլիվուդն արդեն կոչում էին համաշխարհային կինեմատոգրաֆի մայրաքաղաք: 1927 թվականին Հոլիվուդի մի քանի ազդեցիկ գործարարներ որոշում են հիմնել Ամերիկյան կինոակադեմիան և ամեն տարի մրցանակներ հանձնել լավագույն կինեմատոգրաֆիստներին:

Նույն թվականի մայիսին «Բալտիմոր» հյուրանոցում տեղի է  ունենում կինոակադեմիայի հանդիսավոր բացումը: Հավաքվածների առջև ելույթ է ունենում Դ. Ֆերբենքսը, ով ներկայացնում է նոր կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները: Դրա գլխավոր նպատակը դառնում է համաշխարհային կինոյի զարգացման հարցում ներդրում ունեցած կինեմատոգրաֆիստների խրախուսումը: Ներկաները 100-ական դոլար ներդրում են կատարում՝ որպես ընդունելության վճար:

1928 թվականին հաստատվում է 12 մրցանակ այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր» և այլն: Մեկ տարի անց՝ 1929 թվականի մայիսին, «Ռուզվելտ» հյուրանոցում տեղի է ունենում առաջին դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

«Metro-Goldwyn-Mayer» կինոստուդիայի տնօրեն Ս. Գիբսոնը հաղթողներին ոսկեջրած արձանիկներ է հանձնում: Լավագույն ֆիլմ է ճանաչվում ռեժիսոր Ու. Ուելփմանի և սցենարիստ Դ. Սաունդերսի «Թևեր» ֆիլմը: Նրանք Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայել էին ավիացիայում, և ֆիլմը պատմում էր երկու ամերիկացի օդաչուների ճակատագրի մասին:

Լավագույն դերասաններ են ճանաչվում ամերիկացի Ջ. Գեյնարը և գերմանացի Է. Յանինգսը: Հաղթողներին հանձնում են սև մարմարե պատվանդանին կանգնած և թրի վրա հենված բրոնզե ոսկեջրած արձանիկներ: Մրցանակը պատրաստված էր քանդակագործ Դ. Սթենլիի էսքիզով: Ընդ որում՝ այն ժամանակ արձանիկը ընդհանրապես որևէ անվանում չուներ:

1931 թվականին կինոակադեմիայի գրադարանավոր Մ. Հերիկը, նայելով արձանին, անսպասելիորեն բացականչում է. «Սա լրիվ իմ քեռի Օսկարն է»: Դեպքը գրեթե զավեշտական է, սակայն հենց այպես է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը ստացել իր անվանումը:

Սկզբում մրցանակը կատակով են այդպես կոչում, բայց արդեն 1939 թվականին ակադեմիան պաշտոնապես ընդունում է այդ անվանումը: Ներկայումս «Օսկար» արձանիկը ստեղծման օրից գրեթե չի փոխվել, միայն պատվանդանը կինոժապավենի տեսք է ստացել: Արձանիկը պատրաստվում է բրիտանիումից, որի տեխնոլոգիան պատրաստող ընկերության խիստ գաղտնիքն է: «Օսկարը» պատված է 24 կարատ ոսկով:

Ամեն տարի «Օսկար»-ին տիրանալու համար մրցում են աշխարհի լավագույն կինեմատոգրաֆիստները: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունենում մարի երրորդ կիրակի օրը՝ Բևեռլի Հիլզում:

Հավանաբար մրցանակի դափնեկիրներից շատերն անգամ ենթադրել չեն կարող, որ արձանիկն անվանակոչել է Ամերիկյան կինոակադեմիայի համեստ գրադարանավարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular