«Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում մի քաղաքացի դանակը ձեռքին վազում է, երակները վնասված են՝ թևերին կան արյան հետքեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ Գավառ համայնքի «Զիարաթ» կոչվող սրբատեղի հարակից տարածքում Երևանի բնակիչ 53-ամյա Արմեն Ա․-ն դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ և իր ձեռքին առկա դանակով ինքնավնասել է երկու ձեռքերի դաստակները, սրունքները և պարանոցի շրջանը ու նրան ներկայացվում է օրինական պահանջ, իր գործողությունները դադարեցնելու համար, սակայն Արմեն Ա․-ն չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում վնասազերծվում է, որի ընթացքում ձեռքին առկա դանակը անկանոն թափահարելու հետևանքով վնասում է ձիուն։
Արմեն Ա․-ին առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է «Գավառի» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «Պարանոցի շրջանի, զույգ ճաճանչ դաստակային շրջանների, զույգ սրունքի ստորին երրորդի բազմաթիվ կտրած արնահոսող վերքեր, աջ ակնակապճի շրջանի ենթամաշկային հեմատոմա, ծնկան հոդի քերծված սալջարդ վերքեր» մարմնական վնասվածքներ ու համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերջինս տեղափոխվել է ՀՀ Առողջապահության նախարարության «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։