Ծաղիկներով չենք հանգստանա. ռուսներին խորհուրդ է տրվել չթռչել Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Մարատ Բաշիրովը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները այնքան կվատթարանան, որ առայժմ անգամ չարժե թռչել Երևան։ «Առայժմ մի՛ թռչեք Հայաստան, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ։ Լարվածությունը կսրվի», - գրել է փորձագետը Telegram-ում, գրում է EADaily.com–ը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ մայիսի 20-ին Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում հայտարարել է, որ Հայաստանը ձեռնարկել է մի շարք ակնհայտորեն անբարյացակամ բնույթի գործողություններ։ «Հայաստանը ձեռնարկել է «մի շարք ակնհայտորեն անբարյացակամ բնույթի գործողություններ». Հենց այսպես ենք մենք գնահատում Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը, Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրներ և ռուս տնտեսվարողների պայմանների դիտավորյալ վատթարացումը, որոնք, ի դեպ, աշխատանքով են ապահովում տասնյակ հազարավոր հայ քաղաքացիների, և վերջապես Կիևի ռեժիմին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի Դաշնությանը սպառնալու համար», - ասել է Շոյգուն։
«Մոսկվան հասկանում է Հայաստանի ղեկավարության ցանկությունը օգուտ քաղել Ռուսաստանի հետ համագործակցությունից, սակայն համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը երկկողմանի փողոց են», - շարունակել է նա։
Վերջերս էլ հայտարարվել է, որ Ռոսսելխոզնադզորը՝ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը, մայիսի 22-ից սկսած ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել «Հայաստանից ծագող և արտահանվող ծաղկային արտադրանքի ներմուծման» վրա։ Սահմանափակումը ուժի մեջ կմնա մինչև Հայաստանում ջերմոցների ստուգման ավարտը և դրա արդյունքների վերլուծությունը։
«Ծաղիկներով չենք հանգստանա», - իր Telegram ալիքում կատակել է քաղաքագետ Միխայիլ Վինոգրադովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am