Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարների մայիսի 28-29-ը Ղազախստանում կայանալիք հանդիպումը տեղի կունենա առանց Հայաստանի վարչապետի։ Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Մոսկվան պաշտոնական ծանուցում է ստացել Երևանից. Նիկոլ Փաշինյանի փոխարեն գագաթնաժողովին կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Դիվանագետը շեշտել է, որ Փաշինյանի ԵԱՏՄ-ին չմասնակցելը դարձել է օրինաչափություն, բայց միության համար դա «ողբերգություն չէ», գրում է mk.ru–ն։
Միակ հարցն այն է, թե արդյո՞ք դա ողբերգություն կլինի հենց Հայաստանի համար։ Մասնագետները վերջերս հաշվարկել են երկրի կորուստները, եթե այն դուրս գա ԵԱՏՄ-ից։ Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովի խոսքով ԵԱՏՄ-ից խզումը Հայաստանին կարժենա առնվազն 5 միլիարդ դոլար (355 միլիարդ ռուբլի), որը կազմում է նրա ՀՆԱ-ի 15%-ը։ Ռուս կեղծ-հայրենասերները, իհարկե, անմիջապես գոռացել են, որ դա այն գումարն է, որը Ռուսաստանը ծախսում է Հայաստանը «պահպանելու» վրա։ Իհարկե, դա ամբողջովին ճիշտ չէ, և միջազգային հարաբերություններում պարզունակ, առևտրային մոտեցումը անընդունելի է: Մենք այս գումարը միայն Հայաստանին չենք տալիս: Այո, մենք էժան գազ ենք մատակարարում, իսկ մնացածը առևտրից և որոշակի բիզնես նախապատվություններից ստացված շահույթն է: Մենք ուտում ենք հայկական մրգեր, պահածոյացված ապրանքներ, խմում ենք կոնյակ և հանքային ջուր: Ընդ որում Հայաստանում տեղակայված է մեր ռազմական բազան, որը կարևոր օղակ է ռուսական անվտանգության համակարգում: Այսպիսով, պարզ հաշվապահական հաշվարկները այստեղ ակնհայտորեն անտեղի են:
Այնուամենայնիվ, չի կարելի չնկատել, որ մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ վերջերս ավելի ու ավելի պարզունակ է դարձել: Վերջերս Երևանում կայացած Եվրոշաբաշը ցույց տվեց, որ Փաշինյանը վերջնականապես է որոշել իր արտաքին քաղաքականության վեկտորը, նա կարծում է, որ միայն Արևմուտքը կարող է օգնել իրեն պահպանել իշխանությունը հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը խնդրել է Բրյուսելին մասնագետներ ուղարկել Երևան երկիրն արտաքին միջամտությունից պաշտպանելու համար: ԵՄ-ն արձագանքել է: Ինչպես հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, Եվրամիությունը «արագ արձագանքման խումբ» կուղարկի Հայաստան սպառնալիքներին հակազդելու համար, որոնք ներառում են ապատեղեկատվությունը, կիբեռհարձակումները և անօրինական ֆինանսական հոսքերը: Բնականաբար, այդ բոլոր սպառնալիքներն ու ապատեղեկատվությունը կարող են գալ միայն Ռուսաստանից, այլ ոչ թե «քաղաքակիրթ» Արևմուտքից: Այդ հարցում ԵՄ-ն և Հայաստանի ղեկավարությունը լիակատար փոխըմբռնում են գտել։ Վերջերս մենք տեսանք, թե ինչպես է դա գործում Մոլդովայում, որտեղ ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունները արգելվեցին, ամենահայտնի առաջնորդները բանտարկվեցին, անցանկալի առցանց ռեսուրսներն ու լրատվամիջոցները արգելափակվեցին, իսկ բնակչության անցանկալի մասը պարզապես զրկվեց քվեարկելու հնարավորությունից։ Եվ Փաշինյանը հույս ունի կրկնել այդս փորձը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանն ընդունեց օրենք, որով հայտարարում է ԵՄ-ին միանալու իր մտադրության մասին։ Միակողմանիորեն, այսպես ասած, քանի որ Եվրամիությունն ինքը դեռևս որևէ առաջարկ չի արել Հայաստանին։ Վերջերս կայացած Եվրոշաբաշը այդ հարցում որևէ առաջընթաց չգրանցեց, այսինքն Հայաստանի նոր գործընկերները որևէ կոնկրետ բան չառաջարկեցին՝ ո՛չ փող, ո՛չ անվիզա ռեժիմ, ո՛չ անվտանգության երաշխիքներ։ Ըստ երևույթին, եվրոպացի բյուրոկրատները կարծում են, որ իրենց սերը դեռ պետք է վաստակել։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններն են ակնհայտորեն վատթարանում։ Մոսկվան բազմիցս է հիշեցրել Հայաստանին, ամեն անգամ ավելի ու ավելի քիչ նուրբ ձևով, որ անհնար է համատեղել անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին։ Դա հատկապես ճիշտ է, քանի որ ԵՄ-ի մեջ են մտնում հենց այն երկրները, որոնք ներկայումս պատժամիջոցներ են կիրառում ԵԱՏՄ անդամ պետությունների նկատմամբ միտումնավոր փորձելով ոչնչացնել նրանց տնտեսությունները և հասցնել դրանք ֆինանսական կործանման։ Վերջերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կրկին հայտարարել է այդ մասին նշելով, որ Հայաստանի ղեկավարությունը խոսում է ԵՄ-ին միանալու իր ցանկության մասին, մինչդեռ Հայաստանը «ստորագրել է ինչպես ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագիրը, այնպես էլ մինչև 2030 և մինչև 2045 թվականները ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի հետագա զարգացման վերաբերյալ հայտարարությունները»։ Նա նաև նշել է, որ Հայաստանում «տեղեկատվական տարածքում ծավալվում է անզուսպ հակառուսական արշավ»։ Դիվանագետը կոչ է արել Երևանին պարզաբանել իր ուղղությունը, քանի որ այն չի կարող «միանգամից երկու հարսանիքների ժամանակ պարել»։
Սակայն պարզվում է, որ հենց դա է ուզում Հայաստանը՝ պարել երկու հարսանիքների ժամանակ, նստել երկու աթոռի վրա և մնալ ԵԱՏՄ-ում մինչև ԵՄ անդամակցության ձեռքբերումը։ Դա վերջերս միանշանակ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Աարարատ Միրզոյանը, ով ասել է, որ Երևանը չի հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն և չի ներկայացրել նման դիմում։ Իսկ առանց Հայաստանի դիմումի այն չի կարող հեռացվել ԵԱՏՄ-ից։ Դա նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ։ Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ին անդամակցելու ընթացակարգը երկարատև և ձանձրալի է։ Եվրոպացի բյուրոկրատները սիրում են ծաղրել այն երկրներին, որոնք ձգտում են միանալ իրենց եվրոպական «բոստանին»։ Հայաստանը կարող է տարիներ շարունակ պահվել ծառաների խցում (իրականում, նրան նույնիսկ մուտք գործելու թույլտվություն դեռ չեն տվել)։ Ընդ որում այդ ամբողջ ընթացքում նա կօգտվի Եվրասիական միության անդամակցության բոլոր առավելություններից։ Եվ նրան դուրս մղելու իրավական հիմքեր չկան։
Այս իրավիճակից միայն մեկ ելք կա. հունիսին Հայաստանում իշխանության պետք է գան առողջ քաղաքական ուժեր, այնպիսի ուժեր, որոնք իսկապես կպաշտպանեն հայ ժողովրդի շահերը, ինչը, անկասկած, ներառում է նաև Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի պահպանումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am