Վրաերթ-վթար՝ Երևանում․ 2 վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 25-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում «Jeep» մակնիշի ավտոմեքենան Վաղարշյան – Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը վրաերթի ենթարկվածներ են եղել, և «Jeep»-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի մեղավորը եղել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, որը պարեկները հայտնաբերել են խաչմերուկում և այդ տեղեկությունը նույնպես ճշտվում է՝ արդյոք նշված ավտոմեքենայի վարորդը կապ ունի՞ վթարի հետ, թե ոչ։