Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Հայաստանի դպրոցներում ավարտվեց ուսումնական տարին: Շուտով կսկսվեն ավարտական քննությունները: Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել հատկապես գրականություն և պատմություն առարկաներից ինտեգրված քննության՝ էսսեի մասով: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, էսսե գրելու են աշակերտները, որոնք 9 տարի նման աշխատանք չեն կատարել: Հիմա ո՛չ աշակերտները, ո՛չ ուսուցիչները չեն էլ պատկերացնում՝ ինչ պետք է անեն: Ավելին, կան տեղեկություններով, որ նույնիսկ ԿԳՄՍ նախարարությունում լավ չեն հասկանում՝ ինչպես պետք է աշակերտները դուրս գան այս քաոսից:
Իսկ մինչ այդ անցկացվել է 4-րդ դասարանցիների արտաքին գնահատում՝ ԳԹԿ-ի մշակած «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների միասնական թեստի միջոցով: Մենք այս օրերին անընդհատ դժգոհություններ ենք ստացել, որ այդ միասնական թեստը պարզապես սթրեսի է ենթարկել թե՛ աշակերտներին (որոնք, ի դեպ, առաջին սերունդն են, որոնք առաջին դասարանից չեն գնահատվել), թե՛ դասվարներին, քանի որ եղել են խայտառակ բարդության (ասում են՝ ընդհուպ 6-7րդ դասարանի մակարդակի), խճողված առաջադրանքներով: Նշենք, որ, ըստ ԿԳՄՍՆ-ի, 2025-2026 ուստարվա ավարտին 4-րդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կհամարվեն ատեստավորված՝ 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա: Ավելին, վերը նշված թեստերի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու երեխայի՝ հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա: Մեզ տեղեկացրեցին նաև, որ ի պատասխան ծնողների հարցումների, նախարարությունից ասել են, որ գնահատականները հայտնի չեն դառնալու ո՛չ ծնողներին, ո՛չ երեխաներին:
Այս ամենը հաշվի առնելով՝ հարց. ինչի՞ համար էր պետք այսպես սթրեսի ենթարկել բոլորին, նախարարությունում դրանից հաճույք են ստանո՞ւմ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում