«Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը կներկայացնի ընտրախախտումների գրանցման նորարարական հարթակ, որը նպատակ ունի բարձրացնել ընտրական գործընթացների թափանցիկությունն ու հանրային վերահսկողության արդյունավետությունը։
Մայիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, «Երիտասարդական ակումբների ֆեդերացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը հրավիրում է լրագրողներին մամուլի ասուլիսի։ Միջոցառումը տեղի կունենա Երևանում՝ Մաշտոցի պողոտա 4/1 հասցեում։
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ընտրական օրենսդրության խախտումների գրանցման համար նախատեսված նոր թվային հարթակը՝ youthvote.live-ը, ինչպես նաև թեժ գծի գործունեությունը՝ 010 58 87 68 հեռախոսահամարով և քաղաքացիների հաղորդումներին արձագանքելու մեխանիզմները։
Կներկայացվի նաև դիտորդների վերապատրաստման հատուկ մեթոդաբանությունը, երիտասարդ դիտորդների պատրաստման ընթացքը, ինչպես նաև տեղեկատվություն ընտրական օրենսդրության արձանագրված խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահման և ընտրական գործընթացներին առնչվող այլ խնդիրների մասին։
Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝
Սոնյա Համբարձումյանը՝ «Արդար Քվե» ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար,
Աստղիկ Ավետիսյանը՝ «Արդար Քվե» ընտրությունների դիտորդական առաքելության հասարակայնության հետ կապերի ղեկավար։
Կազմակերպիչների խոսքով՝ «Արդար Քվե» դիտորդական առաքելության հիմնական նպատակը ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է՝ անկախ և անաչառ դիտարկման միջոցով։
Միջոցառման կազմակերպիչները հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցել և լուսաբանել ասուլիսը։