Փաշինյանը բոլորին փորձում է ներքաշել իր կեղտոտ խաղի մեջ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ոչ միայն կոշտացնում է հռետորաբանությունը՝ գրեթե ամենօրյա պարբերականությամբ ավելի շատ հայհոյանքներ և վիրավորանքներ տարածելով, այլ նաև փորձում է իր կեղտոտ խաղի մեջ ներքաշել հնարավոր բոլոր ազդեցիկ դերակատարներին՝ այդ կերպ կոնսոլիդացնելու իր ընտրազանգվածը։
Նշենք, որ վերջին օրերին քարոզարշավի ընթացքում Փաշինյանի թիրախում են հայտնվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Եթե նրանք և նրանց թիմերը մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, ապա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմը ընդհանրապես չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, բայց և Սերժ Սարգսյանը ևս հայտնվել է Փաշինյանի թիրախում։ Երեկ Արմավիրի մարզում քարոզարշավի ամփոփմանը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «օլիգարխները՝ Գագոն, Սամոն, Սերժը, Ռոբերտը ժողովրդից թալանել են»։
«Իրենց թալանածը այսօր վերադարձնում ենք ձեզ, հատիկ առ հատիկ, տուն առ տուն, և թալանվածի վերադարձը մտնում է ամեն տուն, ամեն ընտանիք, և դրա ազդեցությունը զգում է մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը»,– ասել է Փաշինյանը։
Վերջիններիս նա մեղադրել է ինչպես խաղաղության դեմ գործելու, այնպես էլ Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին դավաճանելու մեջ, հայտարարել, թե ընտրություններից հետո «Գագոն, Ռոբը, Սերժն ու կալուգացին երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին»։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը պարզ է և հասկանալի՝ քաղաքական խոսույթի մակարդակը իջեցնել այնպես և դրա մեջ ներքաշել բոլոր ընդդիմադիր գործիչներին՝ անկախ նրանից մասնակցում են ընտրություններին, թե ոչ, որպեսզի ցույց տա, թե միայն ինքն է պայքարում նախկինների դեմ։
Ընդ որում՝ «նախկիններ-ներկաներ», «սև-սպիտակ» այս դիսկուրսը նորություն չէ, 8 տարվա ընթացքում Փաշինյանն իր բոլոր ձախողումները փորձել է արդարացնել հենց այդ հանգամանքով՝ հայտարարելով, թե անդադար պայքար են մղում մաֆիայի դեմ, որոշ դեպքերում՝ ոչ արդյունավետ։ Իրականում փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները ձախողվել են բոլոր ուղղություններով, իսկ նախկինների դեմ խոսույթն էլ ընդամենը հարմար պատրվակ է, մինչդեռ որևէ նախկին այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել, եթե որևէ հանցավոր արարք էլ թույլ է տվել։
Տաթև Բադալյան