«Հայաստան. Կողմ և դեմ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք անվանվել են ամենա «աշխարհաքաղաքականացված» ընտրություններ, մտնում են վերջնական փուլ, գրում է kremlin-info.ru–ն։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժ։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները գնահատում են, որ միայն մի քանիսն ունեն Ազգային ժողով մտնելու իրական հնարավորություն։ Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է առաջատարը։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Կարապետյանն ինքը տնային կալանքի տակ է Հայաստանում իշխանության բռնի զավթման հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Երկու այլ քաղաքական ուժեր նույնպես պահպանում են ընտրական շեմը հաղթահարելու հնարավորությունը. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը և հայտնի գործարար Գարիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Բանավեճի կենտրոնական թեման դարձել է արտաքին քաղաքականությունը։ Փաշինյանի կառավարությունը սկսել է Ռուսաստանից աստիճանական հեռանալու և ԵՄ-ի հետ մերձենալու ուղի, չնայած Հայաստանը պաշտոնապես մնում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամ։ Հայաստանի իշխանությունները հռչակում են «հավասարակշռության» քաղաքականություն, սակայն վարչապետի հակառակորդները դեմ են արագացված եվրոպական ինտեգրացիային։ Նրանք զգուշացնում են երկրի տնտեսության համար մահացու հետևանքների մասին, եթե Ռուսաստանի հետ կապերը խզվեն հաշվի առնելով Հայաստանի բարձր կախվածությունը ռուսական շուկայից և էներգետիկ ռեսուրսներից։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մոտեցումները նույնպես տրամագծորեն հակառակ են։ Ընդդիմությունը պնդում է արտաքին երաշխավորների ներգրավման անհրաժեշտության վրա հղում անելով Մոսկվային։ Վարչապետի թիմը, իր հերթին, նման պահանջները համարում է «խաղաղության օրակարգի վտանգավոր վերանայում»։ Կառավարությունը պնդում է, որ ընդդիմության հաղթանակը և ուղղակի բանակցություններից հրաժարվելը արտաքին միջնորդության օգտին, անխուսափելիորեն կհանգեցնեն Ադրբեջանի հետ նոր պատերազմի։
Քաղաքագետ, Երևանում գործող «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ «արտաքին քաղաքականության վեկտորի թեման հստակորեն բաժանում է հիմնական քաղաքական խաղացողներին և գրավում է արտաքին ուժերի ուշադրությունը։ Իշխող կուսակցությունը փորձում է նվազեցնել կախվածությունը Մոսկվայից և ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ։ Ընդդիմությունը, ընդհակառակը, անվտանգության ճգնաժամի համար մեղադրելով գործող կառավարությանը պնդում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության մասին»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am