Հայաստանի կապակցվածությունը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գագաթնաժողովին ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում:

Ֆոն դեր Լայենը նաև առանձնացրել է այն թեմաները, որոնք քննարկվելու են Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում: Դրանք են Եվրոպայի անկախությունը, մասնավորապես՝ էներգետիկ անկախությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև մատակարարման հուսալի շղթաները:

Պաշտոնյան նշել է, որ Եվրոպան մեծապես կախված է ներմուծվող հանածո վառելիքից: Այս կախվածությունը թոթափելու համար նա շեշտել է վերականգնվող էներգիայի և միջուկային էներգիայի կարևորությունը:

«Մենք պետք է ընդլայնենք էներգիայի արտադրության հնարավորությունները Եվրոպայում։ Դրանք ներառում են վերականգնվող էներգիայի աղբյուրները և միջուկային էներգիան, որոնք թույլ են տալիս մեզ էներգիա արտադրել ներսում։ Դրանք ավելի էժան են և ավելի հուսալի», – ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը նաև կարևորել է պաշտպանական և անվտանգության հարցերը:

«Մենք պետք է ամրապնդենք մեր ռազմական կարողությունները, որպեսզի կարողանանք պաշտպանել ինքներս մեզ», – ասել է նա՝ հավելելով, որ դրա համար ներդրումային միջոցներ կան, և այժմ հարկավոր է արագացնել ռազմական կարողությունների արտադրության գործընթացը:

Որպես քննարկման երրորդ թեմա ֆոն դեր Լայենը նշել է մատակարարման հուսալի շղթաները, որի նպատակով կապ է հաստատվում այն երկրների հետ, որոնց հետ գործում են ազատ առևտրի համաձայնագրեր: Նա առանձնացրել է Լատինական Ամերիկան, Հնդկաստանը, Ավստրալիան: Հենց այս համատեքստում է նա հիշատակել Հայաստանի կարևորությունը Եվրոպայի մատակարարման շղթաների համար:

Նա նշել է, որ Հայաստանը «կարևոր» դեր է կատարում հատկապես Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կապակցվածության հարցում: