«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության ինդեքսը, որում արձանագրել է, որ մամուլի ազատության մակարդակը վերջին քառորդ դարում իջել է նվազագույնի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամենամյա վարկանշային ցուցակը, որը հրապարակվում է 2002 թվականից ի վեր, գնահատում է երկրները 5 կատեգորիաներում՝ լավ, բավարար, խնդրահարույց, դժվար, շատ լուրջ։Այս տարի՝ ինդեքսի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի երկրների կեսից ավելին դասվել են մամուլի ազատության ցուցանիշով վատագույն՝ «դժվար» կամ «շատ լուրջ» կատեգորիաներում։
Ինչպես նախորդ 10 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա մամուլի ազատության ցուցանիշով լավագույն տեղում Նորվեգիան է, իսկ վատագույնը, ինչպես վերջին երեք տարիներին, ճանաչվել է Էրիթրեան։
Հայաստանը ինդեքսում հետընթաց է գրանցել՝ 34-ից հայտնվելով 50-րդ հորիզոնականում և դասվելով «խնդրահարույց» երկրների շարքում։ Ինդեքսում նշվում է, որ երկրում մամուլը շարունակում է մնալ բևեռացված։ «Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկրի բարդ դիրքորոշմամբ»,- ասվում է զեկույցում։
Նույն՝ «խնդրահարույց» կատեգորիայում է հայտնվել և Հայաստանից ավելի ցածր հորիզոնական է զբաղեցրել Միացյալ Նահանգները, որը յոթ հորիզոնականով նահանջելով՝ զբաղեցրել է 64-րդ տեղը՝ Բոցվանայի և Պանամայի միջև։ Կազմակերպությունն արձանագրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումները մամուլի վրա դարձել են «համակարգային»։ Նաև Թրամփը կտրուկ կրճատել է ԱՄՆ միջազգային հեռարձակման ֆինանսավորումը։Հայաստանի հարևան չորս երկրները ևս նախորդ տարվա համեմատ հետընթաց են գրանցել և գտնվում են մամուլի ազատության ցուցանիշով վատագույն՝ «դժվար» կամ «շատ լուրջ» կատեգորիաներում։ Մասնավորապես, 180 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 163-րդ, Վրաստանը՝ 135-րդ, Իրանը՝ 177-րդ, Ադրբեջանը՝ 171-րդ հորիզոնականները։
Ռուսաստանը զբաղեցրել է 172-րդ հորիզոնականը, Չինաստանը՝ 178-րդ։Մամուլի ազատության ինդեքսում երկրորդ հորիզոնականում Նիդեռլանդներն են, որին հաջորդում են Էստոնիան, Դանիան և Շվեդիան։ Տասնյակի մեջ են նաև Ֆինլանդիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը և Պորտուգալիան։