ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք էր, ծիծաղկոտ, միշտ ժպիտով։ Չարաճճիություններ ևս անում էր, բայց երբ համեմատում ենք մեր այս սերնդի երեխաների հետ, Ժորաս շատ խելոք էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մայան՝ Ժորայի մայրիկը։

Ժորան ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Մանկություն, պատանեկություն, ամեն ինչ կապված է Իջևանի հետ։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ առաջադիմություն է ունեցել։ Միևնույն ժամանակ չի կարող առանձնացնել որևէ առարկա, որն առանձնահատուկ է սիրել։ «Ֆուտբոլ խաղալ էր շատ սիրում։ Դպրոցին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցում՝ դհոլի բաժնում, ավարտել գերազանցության դիպլոմով։ Տարբեր փառատոնների է մասնակցել։ Մեր մշակույթի տանը կազմակերպված համերգային ծրագրերին ևս ներկայացել են երաժշտական տարբեր համարներով։ Հիմա, երբ պատմում եմ այդ օրերի մասին, մտածում եմ՝ որքան արագ անցան այդ 19 տարիները»։

Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում իններորդ դասարանն ավարտելուց հետո Ժորան ընդունվել է Իջևանի պետական քոլեջի Ֆինանսներ բաժինը, ավարտել այն բարձր առաջադիմությամբ։ «Քոլեջն ավարտելուց հետո կարող էր համալսարանի արդեն երկրորդ կուրս ընդունվել։ Այդ տարի չստացվեց բուհ ընդունվելը, նախախնամություն էր, թե այլ բան, բայց փաստաթղթերի ներկայացումն ուշացրեցինք։ Սակայն հստակ որոշում ուներ, որ արդեն ծառայությունից վերադառնալուց հետո անպայման կրթությունը կշարունակի համալսարանում»։

Մայրիկն ասում է՝ քոլեջում Ժորայի ուսումնառության երեք տարիները շատ լավ են անցել։ «Ընկերական հրաշալի շրջապատ ուներ, կարծես բոլորն ընտրված երեխաներ լինեին։ Դպրոցական չէր, փաստացի ուսանող էլ չէր, բայց ինչ-որ առումով քոլեջում կարծես ուսանողական կյանք ունեցավ»։ Ապագայի պլանները Ժորան ընտանիքի հետ չի հասցրել քննարկել. վստահաբար, երազանքներ ևս ունեցել է, որոնք իրականություն էր դարձնելու արդեն զորացրվելուց հետո։

2019 թվականի հուլիսի 19-ին Ժորան զորակոչվում է զինվորական ծառայության։ Ծառայում էր Սյունիքի մարզում՝ Սիսիանի գնդում։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Ավելին ասեմ՝ ինչ-որ պատճառով նա ծանուցագիր չէր ստացել։ Իր տարիքի տղաները, իր ընկերները, բոլորն արդեն ծանուցագիր էին ստացել, իսկ իրեն զորակոչելու էին օգոստոսին։ Մի օր տուն եկավ, թե գնացել եմ զինկոմիսարիատ, դիմել, որ ամսի 19-ին իմ ընկերների հետ զորակոչվեմ ծառայության։ Իր ընկերներից համարյա բոլորը վիճակահանության արդյունքում ծառայության անցան Արցախում։ Փառք Աստծո, բոլորը տուն վերադարձան»։ Մայրիկն ասում է՝ ծառայելու ընթացքում որդին երբեք չի դժգոհել, սիրով ծառայել է մեկ տարի երկու ամիս... Մինչև պատերազմի սկսվելը։

«Ժորային մեկ տարի դիրքեր չեն բարձրացրել։ Ասել են՝ տան միակ երեխան ես, մնում ես գնդում, դիրքեր չես բարձրանում։ Բայց նա անընդհատ ուզում էր ընկերների հետ դիրքեր բարձրանալ։ Մեզ ասաց, որ դիմել է հրամանատարությանը. «Եթե ձեզ զանգեն, կասեք՝ համաձայն ենք, որ մեր տղան դիրքեր բարձրանա, միևնույնն է, ոչ մի վտանգ չկա»։ Սեպտեմբերի սկզբին առաջին անգամ դիրքեր էր բարձրացել։ Հետո իրենց իջեցրին դիրքերից, բայց պատերազմն սկսվեց, նորից դիրքեր բարձրացան։ Տղաները Սիսիանի դիրքերում են եղել։ Բայց հետո հրաման է գալիս, որ գունդը պետք է տեղափոխվի Հադրութ։ Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը տղաներն արդեն Արցախում էին։ Այդ ժամանակ Հադրութն արդեն ջախջախված էր, երևի թե կիսագրավված»։

Սիսիանում դիրքերում հերթապահություն կատարելու օրերին Ժորան զանգահարել է ծնողներին, իսկ, ահա, Արցախ մեկնելիս զորամասում մնացող ընկերոջը խնդրել է՝ եթե ընտանիքի անդամները զանգահարեն, չասի, որ նա Արցախում է։ «Իհարկե, դա գաղտնի չէր մնալու, հետո արդեն իմացանք։ Հոկտեմբերի 10-ին է զանգահարել մեզ։ Առավոտյան ժամը տասի կողմերն էր։ Դրանից հետո արդեն իրենից լուր չենք ունեցել։ Խառնվեցինք իրար, սկսեցինք բոլորին զանգահարել, բայց չէին կարողանում տղաների հետ կապ հաստատել, նրանցից լուր չունեին։ Հոկտեմբերի 14-ին Ժորաս վիրավորվում է։ Թեթև քերծվածք է եղել պարանոցի հատվածում, պետք է այդտեղից մի քանի հոգով դուրս գային, հոսպիտալացվեին»։ Բայց հարձակում է սկսվում, և տղաները հայտնվում են շրջափակման մեջ։ «Տղաները մնացել են այդտեղ։ Գնդից մի խումբ տղաներ վերադառնալիս են եղել «ուրալներով», անօդաչուներ են հարվածել, շատերն այրվածքներ են ստացել, մի մասը զոհվել է։ Տղաների մի մասն է միայն վերադարձել զորամաս»։

Ժորան անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում։ Նա ուշ է տուն «վերադարձել»՝ 2021 թվականի մարտին։ «Ամուսինս այդ ընթացքում անընդհատ գնում էր Արցախ, հետո վերադառնում Հայաստան, նորից գնում Արցախ։ Անընդհատ ճանապարհներին էր։ Հետո մարտի 1-ին ինձ կանչեցին հետազոտությունների։ Մեր ունեցած տեղեկություններով, նա վիրավորվել էր, մեքենայով դուրս եկել ու շրջափակման մեջ ընկել։ Ամեն մեկը մի բան էր ասում, բայց ավելի հակված էինք այն տարբերակին, որ Ժորան ողջ է՝ կա՛մ գերեվարել են, կա՛մ էլ պատսպարվել է ինչ-որ տեղ, բայց արդյունքում պարզվեց, որ զոհվել է։ Իր մարմինը դուրս են բերել Հադրութից»։

Ապրելու ուժի մասին։ «Տան միակ ու շատ սիրված երեխան էր Ժորաս։ Չգիտեմ, թե հիմա ինչն է ուժ տալիս ապրելու։ Մտածում եմ՝ Ժորայիս ապրեցնելը։ Բացի դա, քույրիկս ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ, նրանց օգնությամբ շարունակեցի ապրել։ Նաև այն հույսն ապրեցրեց, որ մի օր մեր ընտանիքում կրկին երեխա կծնվի»։

Հ. Գ. - Ժորա Փարսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Իջևանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular