Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 12-ին, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող վերելակի հորում մարդ է եղել ընկած, ով նույն օրը «գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված, արյունահոսող վերք, կրծքավանդակի սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջանի» բժշկական կենտրոն, իսկ հաջորդը օրը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ս․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 73-ամյա Մուշեղ Ս․-ն չպահպանելով օրենքով սահմանված կարգով անվտանգության կանոնները, Նարեկ Ս․-ին թույլ է տվել, որպեսզի վերջինս Շահումյան փողոցի 5 հասցեում գործող «Հայկ» ՍՊԸ-ի կողմից օգտագործվող շենքի նկուղում գտնվող վերելակի համար նախատեսված հորում կատարի ապամոնտաժման աշխատանքներ, ինչի արդյունքում չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է Նարեկ Ս․-ի վրա։
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մուշեղ Ս․-ն «Հայկ» ՍՊԸ-ի տնօրենն է։