Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին ազատել են աշխատանքից Հանրային հեռուստաընկերությունից: Այս մասին տեղեկացրել է հենց հաղորդավարուհին: «Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրս։ Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լուսինե Թովմասյանը:
Արտաքուստ զուտ աշխատանքային հարաբերություններ են, սակայն ուշագրավն այստեղ աշխատանքից ազատման պատճառն է: Ըստ հաղորդավարուհու, դա եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դաշնակահար Լանգ Լանգի հետ հարցազրույցներ անցկացնելու պատճառով: Իսկ ինչո՞ւ է այս հանգամանքը ուշագրավ: Բանն այն է, որ Լանգ Լանգը Հայաստան է ժամանել և ապրիլի 14-ին մասնակցել է նույն սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված գալա համերգին, որը ֆինանսավորվել է կառավարության կողմից. պետբյուջեից տրամադրվել է 106 մլն դրամ:
Ի դեպ, այս հանգամանքը բավական լուրջ քննարկումների տեղիք տվեց ժամանակին, թե ինչու է հենց այս երաժիշտը հրավիրվել, որքան հոնորար է վճարվել և այլն: Ի դեպ, ինչպես նշում է հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, «հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով»։
Մի խոսքով, ինչպես երևում է, Հանրայինում չեն ներել Լուսինե Թովմասյանի «ինքնագլուխ գործունեությունը», ինչն էլ պատճառ է դարձել, որ վերջինս տարիներ շարունակ Հ1-ում աշխատելուց հետո հայտարարի, որ չի պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ Թե ինչ անձնական հարցեր են, և ում է ուղղված այդ մեղադրանքը, հաղորդավարուհին չի պարզաբանել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում