Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ ընտրական ցուցակի 34-րդ համար Լևոն Լևոնյանը աչքի է ընկնում ոչ միայն իր պաշտոնական առաջխաղացմամբ, այլև կուսակցական ակտիվությամբ։ Նա «ուրախ ավտոբուսի» ակտիվ անդամներից է և ներկա է գրեթե բոլոր քարոզարշավներին՝ ցուցադրելով բարձր ներգրավվածություն կուսակցական գործընթացներում։
Լևոնյանի կենսագրական տվյալները վկայում են բավական արագ կարիերայի աճի մասին։ 2025 թվականի մայիսի 19-ին ՀՀ վարչապետի N422-Ա որոշմամբ նա նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, իսկ 2022-2023 թվականներին՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին եղել է նաև «8033» շտապօգնության ծառայության տնտեսական գծով պատասխանատու։ 2021-2022 թվականներին աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու։ Ավելի վաղ՝ 2019-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ 2020 թվականին համակարգել է նախարարության կողմից ստեղծված շտապօգնության ծառայությունը՝ կապված Արցախից վիրավորների հոսպիտալացման և տարհանման գործընթացների հետ։ 2019 թվականին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական։
Հայտարարագրերը՝ թվերով
«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ Լևոն Լևոնյանի 2024 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս բավական ընդգրկուն ֆինանսական պատկեր։ Նա Երևանի ավագանու անդամ է դարձել 2024 թվականի մարտի 29-ին։ Հայտարարագրել է 90 օր և ավել տիրապետմամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարան։ Տրանսպորտային միջոցներից ունի 2016 թվականի TOYOTA, ձեռք բերված 2020 թվականին։

Հատկանշական է, որ նա հայտարարագրել է 23,985,000 դրամի փոխառություն «ԱԿԲԱ բանկից», իսկ տարվա ընթացքում ստացել է նաև 20,387,250 դրամ վարկ։

Բանկային հաշիվներում ունեցել է 481,326 դրամ, Իդրամ հաշվին՝ 7,500 դրամ, ինչպես նաև 1.3 ETH կրիպտոարժույթ։

Կանխիկ միջոցները կազմել են 5500 դոլար, 500 եվրո և 2,050,000 դրամ։

Տարվա եկամուտները ձևավորվել են տարբեր աղբյուրներից՝
• Երևանի քաղաքապետարան՝ 900,000 դրամ,
• ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 4,228,839 դրամ,
• ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ՝ 862,211 դրամ,
• եկամտային հարկի վերադարձ՝ 241,296 դրամ։
Ընդհանուր եկամուտները կազմել են 26,619,596 դրամ, մինչդեռ վարկերի մնացորդը տարվա վերջում կազմել է 20,378,500 դրամ։

2023 թվական
«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ 2023 թվականին Լևոնյանի ֆինանսական պատկերը նույնպես ակտիվ է եղել։ Նա զբաղեցրել է միաժամանակ մի քանի պաշտոն՝ Ազգային ժողովի աշխատակազմում և Երևանի քաղաքապետարանում։
Բանկային հաշիվներում ունեցել է 1,289,984 դրամ, դրամապանակում՝ 82 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 6150 դոլար, 700 եվրո և 2,750,000 դրամ։
Տարվա եկամուտները կազմել են ընդհանուր 4,973,727 դրամ, այդ թվում՝
• Ազգային ժողովի աշխատակազմից՝ 4,229,498 դրամ,
• Երևանի քաղաքապետարանից՝ 150,000 դրամ,
• «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից՝ 194,229 դրամ։
Ստացել է նաև 400,000 դրամ վարկ, որի մնացորդը տարվա վերջում կազմել է 264,000 դրամ։
«Ժողովուրդ օրաթերթը» ամփոփելով Լևոն Լևոնյանի հայտարարագրերը՝ արձանագրեց, որ նա համեմատաբար կարճ ժամանակահատվածում հետհեղափոխական Հայաստանում մի շարք պետական պաշտոններ է զբաղեցրել։ Նրա եկամուտները կտրուկ աճել են հեղափոխությունից հետո, ինչպես մյուս բոլորը քպ-ականները»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: