Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎարչապետի աշխատակազմի ղեկավար, վերջերս էլ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ դարձած Արայիկ Հարությունյանը երեկ հերթական անգամ հայտարարություններ է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Հիշեցնենք՝ Ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան՝ պահանջելով, որ Օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։
Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել։ Արդեն երեկ լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս՝ 70-ը լրանալուց հետո, հավակնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին։
«Սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ․ շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս՝ 70-ը լրանալուց հետո, հավակնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնին։ Հիմա իրենք փորձում էին այսպիսի հնարքներով՝ ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ՀԱՕԿ-ի ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ-ի նախագահ, որպեսզի նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ-ը»,- ասել է Հարությունյանը։
Հարությունյանին արժանի պատասխան է տվել ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը․ «Լավ կլիներ, որ ինչ-որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի՞ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։ Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես... Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր, և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ որպես ֆեդերացիայի նախագահ։ Հարցերս հռետորական չեն․․․»,- գրել է Տոնոյանը։
Իհարկե, որևէ պատասխան գործող իշխանություններից չի ստացվելու․ ընդամենը խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հերթական մանր վրեժխնդրությունն են իրականացնում Գագիկ Ծառուկյանի հանդեպ, և սա է բնորոշում գործող իշխանությունների իրական վարքը։
Սոնա Գալստյան