Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծում՝ ընդդիմադիր ուժերի գրանցումը արգելելու համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸնտրակաշառքի մասին տեղեկություններ տարածելով, տարբեր անձանց ձերբակալելով և շոու սարքելով՝ գործող իշխանությունները խորքային իմաստով այլ մտահղացում են իրականացնում, որին ընդդիմությունը արձագանքում է հաճախ ոչ թե սառնասիրտ, այլ էմոցիոնալ դրսևորումներով։
Հակակոռուպցիոն դատարանը երեկ ուշ երեկոյան վարչական հսկողություն է կիրառել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։ Նրանց մեղադրում են բարեգործության արգելքը խախտելու մեջ։ Ղումաշյանի ձերբակալությունից անմիջապես հետո տասնյակ մարդիկ հավաքվեցին հակակոռուպցիոն դատարանի առջև, ակցիա իրականացրեցին՝ պահանջելով նրա անհապաղ ազատ արձակումը՝ պատճառաբանելով, որ վերջինս 3 անչափահաս երեխաների մայր է, իսկ փոքրիկի 40 օրը նույնիսկ չի էլ լրացել։
Դատարանը, հաշվի առնելով այս հանգամանքը, փորձեց մարդասիրություն խաղալ։ Բայց և՛ բարձրացված աղմուկը, և՛ գործող իշխանությունների վարքը վկայում են, որ բոլորովին այլ բան է նախաձեռնվում։
Մասնավորապես, հիշեցնենք՝ փետրվարի 6-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ընտրությունները հունիսի 7-ին նշանակելու մասին հրամանագիրը, որը արդեն ուժի մեջ մտավ փետրվարի 7-ից։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ ուժի մեջ են մտել որոշ սահմանափակումներ, որոնք ընդունվել էին դեռևս 2021 թ․-ին։
Խոսքը Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-1 կետի մասին է, որով արգելվում է նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը, թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին՝ անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով, անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ, խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել, խոստանալ ծառայություններ։ Ընտրական օրենսգիրքը նաև հստակ ընթացակարգ է դրել, որ ընտրակաշառքի մասին հաղորդումների դեպքում ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան՝ տվյալ կուսակցության գրանցումը մերժելու համար։
Մի զգուշացում էլ Հակակոռուպցիոն կոմիտեն էր տարածել՝ նշելով, որ Քրեական օրենսգրքի 221 հոդվածով ընտրակաշառքի համար բավականին խիստ պատիժ է սպառնում։ Ըստ էության, նման շոուներով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է հիմքեր ստեղծել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու համար, և փաշինյանական իշխանությանը ամենևին չի հետաքրքրում՝ կերակրող մո՞ր կձերբակալի, թե՞ տարեց ծերունու։ Կարևորը՝ ստեղծվեն ինչ-որ հիմքեր դատարան ներկայացնելու։
Եվ սա է, որ պետք է առաջին հերթին մտահոգի ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ հնարավորինս զերծ մնալ իշխանությունների ձեռքին նման խաղաթղթեր տալու գայթակղությունից։
Սոնա Գալստյան