ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել է, թե Եկեղեցին «պետություն է պետության մեջ», ինչը ՀՀ իշխանությունները չեն կարող հանդուրժել։ Մայր Աթոռն իր հերթին բազմաթիվ հայտարարություններով ու գործերով փաստել է, որ մտադիր չէ պետության հետ սրելու հարաբերությունները, հակառակը՝ պատրաստ է համատեղ քննարկումներով համագործակցության եզրեր գտնել այն ծրագրերում, որոնք չեն հակասում ազգային-եկեղեցական սկզբունքներին։

Սակայն ՀՀ իշխանությունների կողմից դրական ազդակների ու արձագանքների բացակայությունը ավելի է ծանրացնում հարաբերություններում առկա ճգնաժամը։ Որոշ դեպքերում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) ստիպված է լինում պաշտպանական դիրքերից արձագանքել ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող տարբեր հակաօրինական ու ապազգային քայլերին։ Մասնավորապես, Մայր Աթոռը հայտարարել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների ելքի սահմանափակումները միտումնավոր խոչընդոտում են Եկեղեցու բնականոն գործունեությունը, այդ թվում՝ մասնակցությունը միջազգային եկեղեցական ժողովներին։ ՀԱԵ կողմից ընթացիկ գործերի կամ որոշակի գործունեության փաստացի դադարեցումը, ինչպիսին էր գնդերեցների ծառայությունը, պայմանավորված է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ծայրահեղ սրմամբ և հոգևորականների նկատմամբ իրականացվող իրավական ու քաղաքական ճնշումներով։ Մասնագետների կողմից այս ամենը դիտարկվում է որպես խստագույնս դատապարտելի հոգեբանական ճնշում հոգևորականների նկատմամբ։ Նույն տրամաբանությամբ է 2025 թվականի դեկտեմբերի 25-ին հաստատվել նաև ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի։

Ամենայն հայոց կաթողիկոսի գործունեությունը անարդարացիորեն սուր քննադատության է արժանանում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ինչը նույնպես խաթարում է եկեղեցական ընթացիկ հարցերին անդրադառնալուն ու դրանց լուծումներ տալուն։

Հատկապես զգայուն է դարձել Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի աշխատանքը, որի ատենապետ Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նույնպես անարդարացիորեն մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել։ Եկեղեցին զգուշանում է կարգապահական պատիժներ սահմանել «կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով հնազանդության ուխտը դրժած» անխտիր բոլոր հոգևորականներին և, զարմանալիորեն զգուշանում է նաև քահանայական կարգի մեջ վերականգնել անհամեմատելի նվազ զանցանքների համար կարգալույծ հռչակված այն հոգևորականներին, ովքեր զղջմամբ ու որդիական խոնարհությամբ իրենց քահանայական ծառայությունը շարունակելու խնդրանքով դիմել են Վեհափառ Հայրապետին։ Բարեբախտաբար, այդպիսինները քիչ չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսին քննադատող՝ Սփյուռքի մեր շատ փոքրաթիվ հայրենակիցների կողքին Եկեղեցին, ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, աջակիցների մեծ բանակ ունի։ Նրանց մեջ բազմաթիվ ազնիվ հայորդիներ կան, ովքեր, քննադատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հակաեկեղեցական կեցվածքը, հանդես են եկել ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Այդպիսի հայտարարություններից ամենաուշագրավը 2026 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի կառավարության և ՀԱԵ միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունն էր, որի հեղինակների թվում են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Արա Դարզին, Էրիկ Էսրայել յանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ժոզեֆ Ուղուրյանը և Պերճ Սեդրակյանը։ Ավելի ուշ նրանց էին միացել նաև այլ հավատավոր հայորդիներ։ Հայտարարությունը բովանդակալից էր։ Մեջբերեմ մի հատված. «Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի Հայոց պետությունը, Հայոց եկեղեցին և հայկական Սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան։ Մենք կոչ ենք անում Սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայնը և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում»։ Ըստ հայտարարության հեղինակների, «ժամանակն է», մինչդեռ, իմ հանդուգն դիտարկմամբ, ոչ թե ժամանակն է, այլ բավականին ուշացած է։ «Ժամանակը» այն ժամանակ էր, երբ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս մղվեց կրթական ծրագրերից, «ժամանակն» էր, երբ բանտարկվեցին հոգևորականներ ու անմեղ մարդիկ։ «Ժամանակն» էր, երբ Ամենայն հայոց կաթողիկոսին կանչում էին վարչապետի կեցավայր, որպեսզի ապացուցեն, որ իրենք թլփատված չեն։ «Ժամանակն» էր, երբ հերթով պղծվում ու բռնազավթվում էին Հայոց աղոթատներ։ «Ժամանակն» էր, երբ հերոսածին մորը գետնի վրա քարշ տալով՝ իր նահատակ որդու սրբազան շիրիմի մոտից բերման էին ենթարկում։ «Ժամանակն» էր, երբ Հայոց Ցեղասպանությունն ու մեր Սուրբ լեռն էին ուրանում։ «Ժամանակն» էր, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էր պղծվում ու ավերվում... «Ժամանակներ» շատ են եղել, պարոնայք։ Իսկ հիմա, երբ Ամենայն հայոց ազգընտիր Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների ու մյուս հոգևորականների հետ մեղադրյալի կարգավիճակով, դավաճաններով շրջապատված, ամեն վայրկյան սպասում է նոր շինծու մեղադրանքների ու ձեռնաշղթաներին, հիմա՞ է ժամանակը։ Ներեցեք։ Ընդ որում, այդ «ժամանակից» էլ արդեն բավականին ժամանակ է անցել։ Ժամանակի տերը Աստված է, և, անկախ ամեն ինչից, կարծում եմ՝ Եկեղեցին իր ամենօրյա աղոթքներին զուգահեռ չպետք է անտեսի ներեկեղեցական ընթացիկ հարցերը, որովհետև հենց դրանք են Եկեղեցու սրտի բաբախյունը, որը երբեք չպետք է կանգ առնի։ Ընթացիկ եկեղեցական հարցերի սառեցումը հենց այն օրակարգային հարցերից է, որին քայլ առ քայլ ձգտում է ՀՀ ներկայիս իշխանությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular