Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀասաքեի նահանգում գտնվող սիրիական բանակի ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել Իրաքի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է SANA պետական լրատվական գործակալությունը:
Ըստ Սիրիայի բանակի՝ Հասաքեի նահանգի Յարուբիա բնակավայրի մերձակայքում գտնվող ռազմաբազաներից մեկը թիրախավորվել է հինգ հրթիռով, որոնք արձակվել են Իրաքի Թել ալ-Հավա գյուղի տարածքից։Նշվում է, որ այս միջադեպի շուրջ իրաքյան կողմի հետ փոխգործակցություն է հաստատվել։
Իրաքյան բանակը սկսել է ներգրավված անձանց որոնելու գործողություն։Ըստ հրապարակման՝ սիրիական բանակը լիակատար մարտական պատրաստության վիճակի է բերվել և կկատարի իր պարտականությունները երկրի տարածքը պաշտպանելու և ցանկացած գրոհ հետ մղելու գործում։
Ամերիկյան ուժերը դուրս են եկել Սիրիայի ռազմաբազաների մեծ մասից, այդ թվում՝ այն բազայից, որը ենթարկվել է հրթիռակոծության. այն սիրիական բանակին է հանձնվել փետրվարին։