ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջները

ԻՐԱՎՈՒՆՔ

ՌԴ Պետդումայի պատգամավորները լիագումար նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել են կառավարական օրինագիծը, որը լրացուցիչ պահանջներ է սահմանում Ռուսաստանում աշխատել ցանկացող աշխատանքային միգրանտների համար։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Փոփոխություններն առաջարկվում է կատարել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։ Նախաձեռնությունը նախատեսում է, որ աշխատանքային միգրանտները պետք է իրենց և Ռուսաստանում բնակվող ու իրենց խնամքին գտնվող ընտանիքի անդամների համար ապահովեն եկամուտ, որը պակաս չի լինի տարածաշրջանային գործակցով բազմապատկված կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Հակառակ դեպքում օտարերկրացիների արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը չի երկարաձգվի, ինչից հետո նրանք պարտավոր կլինեն իրենց անչափահաս երեխաների հետ 15 օրվա ընթացքում լքել երկիրը։

Աշխատանքային միգրանտների եկամուտների մակարդակին կհետևեն լիազոր մարմինները։ Այսպես, ըստ օրինագծի, հարկային մարմինները ՆԳՆ-ին ավտոմատ կերպով տեղեկատվություն կփոխանցեն օտարերկրացի աշխատողի օրացուցային տարվա 3, 6, 9 և 12 ամիսների եկամուտների մասին։ Միգրանտներն իրենք ևս հաշվետու կլինեն իրենց եկամուտների համար. ՌԴ-ում բնակության մասին ՆԳՆ ներկայացվող ամենամյա ծանուցման հետ մեկտեղ նրանք պարտավոր կլինեն ներկայացնել նաև փաստաթղթերից մեկը՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտների տեղեկանք, հարկային հայտարարագրի պատճեն կամ ֆիզիկական անձանց եկամտահարկի վճարումը հավաստող փաստաթղթեր։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են նաև ընդլայնել ժամանակավոր կացության թույլտվությունը և կացության կարգավիճակը չեղարկելու հիմքերի ցանկը։ Մասնավորապես, դրանք կչեղարկվեն, եթե աշխատանքային միգրանտը տարվա ընթացքում աշխատել է 10 ամսից պակաս, կամ եթե նրա եկամուտները՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով, ցածր են տարածաշրջանային կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Նմանատիպ միջոցներ կկիրառվեն նաև այն միգրանտների նկատմամբ, որոնք աշխատում են ֆիզիկական անձանց մոտ՝ կատարելով տնային գործեր կամ օգնելով անձնական հարցերում։ Այս օտարերկրացիների կացության կարգավիճակները նույնպես կչեղարկվեն, եթե տարվա ընթացքում նրանք նման ձևաչափով աշխատել են 10 ամսից պակաս, և եկամտահարկի ֆիքսված կանխավճարի մուծումը (իրենց և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար) հաստատված է 10 ամսից պակաս ժամանակահատվածի համար։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է, որ աշխատանքային միգրանտների երեխաները կկարողանան ՌԴ-ում մնալ միայն իրենց ծնողի աշխատանքի թույլտվության գործողության ժամկետում, այն էլ՝ միայն այն դեպքում, եթե միգրանտը վճարի եկամտահարկի ֆիքսված կանխավճարը թե՛ իր, թե՛ յուրաքանչյուր երեխայի համար։ Ընդ որում, 18 տարին լրանալուց հետո միգրանտների երեխաները պետք է 30 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը կամ նշված ժամկետում դիմեն արտոնագիր ստանալու համար։

Օրինագծով առաջարկվում է նաև հստակեցնել այն աշխատանքային միգրանտների աշխատավարձերի նվազագույն շեմերը, որոնք իրենց փորձի, հմտությունների կամ ձեռքբերումների հիման վրա համարվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Գործող օրենսդրությամբ նման աշխատողները բաժանվում են մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է նվազագույն թույլատրելի աշխատավարձի իր չափը։ Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են թողնել միայն երկու խումբ։

Նախատեսվում է, որ առաջին խմբում կընդգրկվեն այն բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք ներգրավված են նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնների ստեղծման ու գործունեության մեջ, բուհերի և պետական գիտական ակադեմիաների գիտաշխատողներ կամ դասախոսներ են, ՏՏ ոլորտի կամ տնտեսական հատուկ գոտիների ռեզիդենտ ընկերությունների աշխատակիցներ են։ Այս խմբում կներառվեն նաև միջազգային բժշկական կլաստերի տարածքում գործող բժշկական, մանկավարժական կամ գիտական աշխատողները, «Սկոլկովոյի», «Սիրիուս» դաշնային տարածքի, ինչպես նաև Ղրիմում և Սևաստոպոլում գործող ընկերությունների աշխատակիցները։ Նման մասնագետների աշխատավարձի նվազագույն շեմը կսահմանվի 358,5 հազար ռուբլի։

Երկրորդ խմբին առաջարկվում է դասել բարձր որակավորում ունեցող մնացած բոլոր մասնագետներին։ Ըստ օրինագծի՝ նրանց աշխատավարձը պետք է կազմի առնվազն 717 հազար ռուբլի։ Ընդ որում, փաստաթղթում շեշտվում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերը պետք է ամեն տարի ինդեքսավորվեն՝ տվյալ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի աճի տեմպերին համապատասխան ձևով։

Եթե Պետդուման ընդունի օրենքը և այն հետագայում ստորագրվի ՌԴ նախագահի կողմից, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Սակայն որոշ դրույթների համար առաջարկվում է սահմանել ուժի մեջ մտնելու հատուկ ժամկետներ։ Այսպես, այն նորմը, որով հարկային մարմինները ՆԳՆ-ին տեղեկություններ կփոխանցեն միգրանտների եկամուտների մասին, կգործի 2026 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ բարձր որակավորում ունեցող մասնագետներին վերաբերող դրույթները՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular