Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գործող դպրոցներից մեկից հարվածներ ստանալու հետևանքով ծնողի ուղեկցությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Հ․ Ե․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Մ․ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցում երեխան բանավոր տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհի՝ Դ․ Դ․-ի հետ, և վերջինս ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր երեխայի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինիս փորի և ծնկային հատվածներին առկա են կապտուկներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։