ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունները առանձնանում են հատկապես տարածաշրջանային հակամարտության վերածվելու բնույթով։ Եվ այն, որպես համակարգային վերափոխումների արագացուցիչ, փոխում է ուժերի դասավորությունը, պատերազմի բնույթը, դաշինքների տրամաբանությունը և նույնիսկ ինքնիշխանության մասին դասական պատկերացումները։

Այս պատերազմը, անկախ նրանից՝ լիարժեք լայնածավալ ցամաքային ռազմական գործողությունների է վերածվում, թե ոչ, արդեն իսկ դրսևորվում է որպես նոր աշխարհակարգի ձևավորման «լաբորատորիա», որտեղ փորձարկվում են 21-րդ դարի ռազմաքաղաքական նոր մեխանիզմները։ Իսկ այս իրավիճակի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործ ունենք ոչ թե դասական «պետություն–պետություն» պատերազմական մոդելի, այլ բազմաշերտ ռազմավարական հակամարտության հետ, որտեղ ռազմական գործողությունները միայն մեկ բաղադրիչն են։

Իրանի դեմ գործողությունները ներառում են միաժամանակ ռազմական հարվածներ, տնտեսական ճնշումներ, տեխնոլոգիական սահմանափակումներ, կիբերհարձակումներ, տեղեկատվական պատերազմ և տարածաշրջանային պրոքսի ուժերի միջոցով ազդեցության մրցակցություն։ Իսկ գործողությունների դաշտը բավական ընդարձակ է, քանի որ ընդգրկում է գրեթե ողջ տարածաշրջանը՝ Իսրայելից մինչև Պարսից ծոցի երկրներ։ Այս հակամարտությունը ցույց է տալիս, որ 21-րդ դարի պատերազմները գնալով հեռանում են զանգվածային զորքերի բախումից և տեղափոխվում են ճշգրտության, տեխնոլոգիայի և վերահսկվող էսկալացիայի դաշտ։

Իսրայելի ռազմավարությունը հիմնված է կանխարգելիչ հարվածների դոկտրինի վրա, որը նպատակ ունի ոչ թե պարտության մատնել հակառակորդին դասական իմաստով, այլ կանխել նրա ռազմավարական կարողությունների հասունացումը։ Իրանի դեպքում հիմնական թիրախը միջուկային ծրագրի, հրթիռային ենթակառուցվածքների և տարածաշրջանային ազդեցության ցանցերի սահմանափակումն է։ ԱՄՆ-ի մասնակցությունն էլ ընդգծում է նոր երևույթ՝ «հեռավար գերիշխանություն», երբ գերտերությունը կարող է ուղղակիորեն չմտնել պատերազմ, բայց որոշիչ դեր ունենալ ռազմական, հետախուզական և տեխնոլոգիական աջակցության միջոցով։

Միջազգային հարաբերություններում ի հայտ եկող նոր երևույթներից մեկը դաշինքների ճկունությունն է։ Եթե սառը պատերազմի ժամանակ աշխարհը բաժանված էր հստակ բլոկների, ապա այժմ ձևավորվում են ժամանակավոր շահերի վրա հիմնված կոալիցիաներ։ Արաբական մի շարք պետություններ, որոնք պատմականորեն հակասություններ ունեին Իսրայելի հետ, այսօր Իրանի աճող ազդեցությունը դիտարկում են որպես ընդհանուր սպառնալիք, ինչը հանգեցրել է լուռ մերձեցումների։ Արաբական երկրները կոնկրետ վնասներ են կրում Իրանի հարվածների արդյունքում ու դրա հետ կապված ձևավորում են իրենց դիրքորոշումը։ Սա տարածաշրջանում ստեղծում է աննախադեպ իրավիճակ, որտեղ նախկին հակառակորդները համագործակցում են անվտանգության հարցերում՝ առանց պաշտոնական դաշինքների ձևավորման։

Այս պատերազմը նաև բացահայտում է «միջուկային շեմի քաղաքականության» նոր փուլը։ Իրանն այն պետություններից մեկն է, որը ձգտում է հասնել միջուկային կարողությունների սահմանագծին՝ առանց պաշտոնապես միջուկային զենք ունենալու։ Արդյունքում ձևավորվում է ռազմավարական անորոշություն, որը դառնում է զսպման գործիք։ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են կանխել այդ շեմի հատումը՝ հասկանալով, որ միջուկային հավասարակշռության փոփոխությունը կվերաձևավորի ամբողջ Մերձավոր Արևելքը։ Սա ցույց է տալիս, որ ապագայի հակամարտությունները հաճախ լինելու են ոչ թե միջուկային զենքի օգտագործման, այլ դրա ձեռքբերման հնարավորության շուրջ։

Մեկ այլ կարևոր առանձնահատկություն է պատերազմի ապակենտրոնացումը։ Իրանը հազվադեպ է ուղիղ ռազմական բախման գնում, փոխարենն օգտագործում է տարածաշրջանային գործընկերների և զինված խմբավորումների ցանց՝ Լիբանանից մինչև Եմեն և Իրաք։ Այսպիսով, ստեղծվում է «ցանցային պատերազմ», որտեղ հակառակորդի վրա ճնշումը իրականացվում է միաժամանակ մի քանի ճակատներով։ ԱՄՆ-ն և Իսրայելը ստիպված են պայքարել ոչ թե մեկ բանակի, այլ ազդեցության ամբողջ համակարգի դեմ։

Սա միջազգային հարաբերություններում նոր իրողություն է, երբ պետության հզորությունը չափվում է ոչ միայն սեփական բանակով, այլ նրա ազդեցության ցանցի լայնությամբ։

Տեխնոլոգիական գործոնը ևս հիմնարար նորություն է։ Անօդաչու սարքերը, արհեստական բանականության վրա հիմնված հետախուզությունը, կիբերհարվածները և տեղեկատվական մանիպուլ յացիաները պատերազմը դարձնում են ավելի արագ, ավելի անտեսանելի և ավելի անկայուն ու անկանխատեսելի։ Պատերազմի ժամանակ ալգորիթմական վերլուծությունների հիման վրա որոշումները կարող են ընդունվել վայրկյանների ընթացքում, ինչը նվազեցնում է քաղաքական վերահսկողության ավանդական մեխանիզմները։ Սա առաջացնում է տեխնոլոգիական սխալ հաշվարկների միջոցով լայնածավալ էսկալացիայի հավանականության նոր վտանգ։

Տնտեսական պատերազմի դերը ևս աննախադեպ է։ Սանկցիաները դարձել են ռազմական գործողությունների համարժեք գործիք։ Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները նպատակ ունեն ոչ միայն թուլացնել տնտեսությունը, այլև վերաձևել հասարակական և քաղաքական ներքին հավասարակշռությունը։ Այս համատեքստում պատերազմը տեղափոխվում է նաև ֆինանսական համակարգեր, էներգետիկ շուկաներ և մատակարարման գլոբալ շղթաներ։ Նավթի գների տատանումները, ծովային երթուղիների անվտանգությունը և էներգետիկ մատակարարումների քաղաքականացումը վկայում են, որ ռազմական հակամարտությունները վերածվում են համաշխարհային տնտեսական ռիսկերի հիմնական աղբյուրի։

Այս դիմակայությունը մյուս կողմից էլ ցույց է տալիս միջազգային իրավունքի աստիճանական թուլացումը։ Կանխարգելիչ հարվածների, գաղտնի գործողությունների և սուվերեն տարածքներում իրականացվող թիրախային հարձակումների աճը ցույց է տալիս, որ անվտանգության տրամաբանությունը գերակայում է իրավական սահմանափակումների նկատմամբ։ Պետություններն ավելի հաճախ արդարացնում են ռազմական գործողությունները ազգային անվտանգության լայն մեկնաբանությամբ, ինչը ձևավորում է նախադեպային քաղաքականություն և խարխլում պատերազմ և խաղաղություն տարբերակելու դասական չափանիշները։

Մեծ տերությունների մրցակցության համատեքստում այս պատերազմը դառնում է նաև գլոբալ ուժային բալանսի փորձարկում։ Չինաստանը և Ռուսաստանը, չմտնելով ուղիղ հակամարտության մեջ, շահագրգռված են ԱՄՆ-ի ռեսուրսների կենտրոնացմամբ Մերձավոր Արևելքում, քանի որ դա թուլացնում է Վաշինգտոնի հնարավորությունները այլ տարածաշրջաններում։ Այսպիսով, Իրանի շուրջ լարվածությունը վերածվում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման բաղադրիչի, որտեղ տարածաշրջանային պատերազմները դառնում են համաշխարհային մրցակցության միջնորդավորված դաշտեր։

Միաժամանակ այս հակամարտությունն ընդգծում է գլոբալ անվտանգության պարադոքսը։ Որքան ավելի զարգացած են ռազմական տեխնոլոգիաները և զսպման մեխանիզմները, այնքան մեծանում է սահմանափակ, բայց մշտական բախումների հավանականությունը։ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են վերահսկվող էսկալացիայի միջոցով պահպանել տարածաշրջանային հավասարակշռությունը, իսկ Իրանը՝ ասիմետրիկ պատասխաններով բարձրացնել հակառակորդի գործողությունների արժեքը։

Փաստացի, պետությունների ինքնիշխանությունը վերաիմաստավորվում է, դաշինքները դառնում են ճկուն, պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական, այլ տեխնոլոգիական, տնտեսական և տեղեկատվական համակցություն։ Միջազգային հարաբերությունները շարժվում են դեպի ավելի անկանխատեսելի, բազմաբևեռ և ցանցային համակարգ, որտեղ պատերազմը այլևս բացառություն չէ, այլ քաղաքականության շարունակական գործիք՝ մշտական ճնշման, մրցակցության և վերաձևավորման պայմաններում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular