ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի դեմ տեղի ունեցած ագրեսիան, որը վերածվում է լայնամասշտաբ պատերազմի, ցույց տվեց՝ չկա միջազգային իրավունք, չկա անգամ միջազգային հումանիտար իրավունք, որովհետև, օրինակ՝ Իրանում աղջիկների դպրոցի վրա հարձակումից հետո դա կարող է որակվել որպես պատերազմի կողմնակի հետևանք։ Քաղաքագետ Արա Պողոսյանը նշում է՝ առնվազն այն մարդիկ, որոնք ակտիվորեն զբաղվում են միջազգային հարաբերությունների տեսությունների ուսումնասիրությամբ, գիտեն և վստահաբար կարող են հաստատել, որ միջազգային հարաբերություններն արդի աշխարհում կամ արդի միջազգային հարաբերությունների հիմքը եղել են Վեստֆալ յան համաձայնությունները Եվրոպայում 30-ամյա պատերազմի ավարտից հետո։ «Պայմանական Վեստֆալ յան աշխարհակարգը հետագայում ունեցավ երկու մոդեռնիզացիա։ Մեկը՝ Վերսալ յան, իսկ դրանից հետո արդեն՝ Յալթա-Պոտսդամյան։ Միջազգային իրավունքի հաստատման այս բոլոր երեք բաղադրիչները եղել են այն մասին, որ հաղթող կամ ուժեղ պետությունները հաստատել են այնպիսի կարգ, որն այդ պահին հարմար է եղել իրենց։ Եվ, ընդհանրապես, միջազգային իրավունքի էությունն է եղել սահմանել կանոններ, որոնք կծառայեն տվյալ պետությունների հիմնարար նպատակները և շահերը սպասարկելու համար։ Հետևաբար, երբ խոսում ենք միջազգային իրավունքի մասին, պետք է նկատի ունենանք, որ միջազգային իրավակարգը կարող է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային իրավակարգ սահմանող սուբյեկտներին այն ձեռնտու է։ Այն պահին, երբ միջազգային իրավակարգ սահմանող սուբյեկտների համար տվյալ իրավակարգն այլևս ձեռնտու չէ, հակասում է իրենց ազգային և պետական շահերին, այդ պահին սկսվում է կերպափոխում։ Ինչպե՞ս է փոփոխվում աշխարհակարգը, կամ ի՞նչ գործոններ են ստիպում, որպեսզի այն փոփոխվի։ Աշխարհակարգի փոփոխությունը ենթադրում է հենց միջազգային իրավունքի կամ կանոնակարգի փոփոխություն։ Շատերը հիմա զարմացել են՝ միջազգային իրավունքը չի աշխատո՞ւմ։ Միջազգային իրավունքն աշխատում է այնպես, ինչպիսի փիլիսոփայություն դրված է դրա ներքո։ Հատկապես սառը պատերազմի ավարտից հետո, Բժեզինսկու խոսքերով, ԱՄՆ-ն դարձավ աշխարհի միակ ու հավանաբար վերջին գերտերությունը, որը կունենա միանձնյա այդ աստիճան իշխանություն և ինքնիշխանության հնարավորություններ գլոբալ աշխարհում։ Հիմա առաջացել է ուժի դիֆուզիա, որը տարածվել է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ուժի դիֆուզիայի դեմ ձևավորվել են պատնեշներ, որոնցից գլխավորը, երևի թե, Չինաստանն է։

Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, պետք է դիտարկենք գլոբալ փոփոխությունների համատեքստում հատկապես այն առումով, որ Չինաստանն այժմ ունի մեծ հավակնություններ, անկախ նրանից՝ դրանք բացահայտ են հնչեցվում, թե թաքնված են, օրինակ՝ չինական փափուկ կամ խելացի ուժի ներքո։ Միացյալ Նահանգները սկսել է այս պատերազմը, այստեղ չկա ո՛չ հումանիտար խնդիր, ո՛չ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ֆունդամենտալ խնդիր, որը կդրդեր կողմերին պատերազմի, ո՛չ Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված այնպիսի խնդիր, որը կստիպեր Միացյալ Նահանգներին գնալ այսպիսի հակամարտության։ Եթե որպես սրա անալոգ վերցնենք Հյուսիսային Կորեան, կտեսնենք, որ նա էլ ավելի մեծ սպառնալիք կարող էր այս դիտանկյունից լինել, բայց Հյուսիսային Կորեայի նկատմամբ չկան այսպիսի գործողություններ՝ մի քանի գործոնով պայմանավորված։ Հյուսիսային Կորեան չի կարող որոշել նոր աշխարհակարգի էությունը և սպառնալ Միացյալ Նահանգների միանձնյա հեգեմոնիային։ Պատճառներից մեկն այն է, որ Հյուսիսային Կորեան մեկուսացված է միջազգային հարաբերություններից, և երկրորդ՝ Մաքինդերյան աշխարհագրական քաղաքականությունից դուրս է գտնվում, այսինքն՝ Եվրասիական Հարթլենդից դուրս է գտնվում Կորեան, և իր ռազմավարական նշանակությունը սակավ է ամբողջ Եվրասիայում գերիշխանություն հաստատելու համար։ Իսկ Իրանը գտնվում է այդպիսի աշխարհառազմավարական գոտում։ Ինչպես Մաքինդերն էր ասում՝ ով տիրի Մերձավոր Արևելքին, կտիրի ամբողջ Եվրասիային։ Մերձավոր Արևելքում որոշվում է հետագա հեգեմոնի ճակատագիրը։ Ենթադրում եմ, որ կտեսնենք ռազմական գործողությունների երկարում, և դրանց աշխարհագրության ընդլայնման պարագայում գուցե ականատես լինենք հետագայում Չինաստանի ներգրավմանն այս հակամարտության մեջ։ Հիմա նա անուղղակի մասնակցություն ունի իր տեխնոլոգիաների, հետախուզական տվյալների տրամադրմամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը։

Այս օրերին և ստեղծված իրավիճակում կարծիքներ են հնչում Հայաստանի գործողությունների մասով։ Ոմանք պնդում են՝ ինչ կարող ենք անել, ի վերջո, Հայաստանը չի կարող ազդեցություն ունենալ այս իրադարձությունների վրա, բայց մյուս կողմից՝ խոսքը մեր հարևան Իրանի մասին է, և պետք է գոնե հումանիտար հարցերը ուշադրության կենտրոնում պահել։ «Կա ճշմարտություն այն կարծիքների մեջ, որ Հայաստանը 2020 թվականից հետո այլևս գործոն չէ տարածաշրջանում, նկատի ունեմ՝ աշխարհաքաղաքական գործոն, և չունի ուժի այնպիսի ռեսուրսներ, ընդ որում՝ ուժի ռեսուրս ասելով՝ նկատի չունեմ միայն ռազմականը, որոնց պայմաններում հնարավորություն կունենար ազդեցություն գործել այս կամ այն իրավիճակի վրա։ Բնականաբար, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության խնդիրը հումանիտար օժանդակությունն է, որը որևէ կենտրոն չի կարող մեկնաբանել ի վնաս Հայաստանի, որովհետև հումանիտար աջակցությունը դասվում է հումանիտար գործողությունների շարքին։ Նույնիսկ թշնամի պետությունները կրիտիկական պահերին կարող են հումանիտար օժանդակություն ցուցաբերել մեկը մյուսին։ Կարծում եմ, որ այս պահին սա Հայաստանի թիվ մեկ խնդիրն է՝ փորձել բանեցնել հումանիտար դիվանագիտություն, ինչը կարող է արդյունավետ լինել։ Մյուս կողմից՝ խոսում ենք միգրացիոն հոսքերի մասին։ Նկատում եմ, որ շատերը ներկայացնում են միգրացիոն ահասարսուռ հոսքերի սցենարներ, որոնք, կարծում եմ, Իրանի պարագայում քիչ կապ ունեն իրականության հետ։ Իրանական հասարակությունը մեզ ծանոթ սիրիական, իրաքյան, լիբիական կամ լիբանանյան հասարակություններից էապես տարբերվում է նախ այն պատճառով, որ այն գաղափարականացված հասարակություն է՝ հենված իսլամական վարդապետության վրա։ Հաշվի առնելով նաև Իրանի պետականության երկարատև պատմության փորձը, իրանական ժողովրդի կայսերական անցյալը՝ կարծում եմ, որ այս պարագայում միգրացիոն հոսքերի մասին խոսակցությունները չափազանցված են։ Դրանք, բնականաբար, կլինեն հատկապես փոքրամասնությունների կողմից, բայց ոչ այն աստիճանի, ինչպես բնորոշվում կամ ներկայացվում են։ Անկախ ամեն ինչից, որպես պետություն, պարտավոր ենք ունենալ մեր միգրացիոն քաղաքականությունը և ցանկացած սցենարի պարագայում՝ սեփական ռազմավարությունը, թե ինչ ենք անելու, ինչպիսի գործողությունների շարք ենք մշակելու։ Օրինակ՝ հիմնելո՞ւ ենք ճամբարներ, եթե, Աստված մի արասցե, հարցը հասնի դրան, թե՞ փորձելու ենք հարցն այլ ճանապարհով լուծել, թե՞ դառնալու ենք տարանցիկ երկիր։ Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք պետությունն այս պահին արդեն պետք է մշակված ունենար՝ անկախ նրանից, թե ինչպիսի ելք կլինի Իրանում»,- նկատում է մեր զրուցակիցը։

Ամիսներ շարունակ մեր երկրի իշխանությունը փորձում է բոլորիս համոզել, որ խաղաղությունը տարածաշրջանում հաստատված է, և ստորագրված փաստաթղթերն էլ դարձնում է խաղաթուղթ առաջիկա ընտրությունների համար։ Իրականության մեջ առավոտյան մի երկիր հարձակվում է մյուսի վրա, և սկսվում են ռազմական լայնամասշտաբ գործողություններ։ Որքանո՞վ է տեղին այս հեղհեղուկ իրականության մեջ խոսել խաղաղության մասին։ «Անարխիկ հարաբերությունների պայմաններում միջազգային հարաբերությունների այբուբենը տալիս է շատ պարզ բանաձև. խաղաղության միակ ճանապարհը, ընդ որում՝ հարաբերական խաղաղության մասին է խոսքը, բալանսի հաստատումն է, ռազմա-ստրատեգիական պարիտետի հաստատումը։ Սա ենթադրում է պետության համապարփակ ուժի այնպիսի մոբիլիզացիա, որի պայմաններում կհաստատվի ստատուս-քվո այն հաշվարկով, որ կլինի համապարփակ ուժի բալանս, իսկ համապարփակ ուժի մեջ մտնում է ռազմական, տնտեսական, ֆինանսական, կրթական, գիտական, այն է՝ պետությանը հզորացնող բոլոր ոլորտների համապարփակ հզորացումն այն հաշվարկով, որպեսզի հաստատվի բալանս։ Առանց բալանսի հաստատման անհնար է խաղաղությունը։ Առանց բալանսի հաստատման ստեղծվում են ոչ թե անարխիկ, այսինքն՝ հավասարազոր հարաբերություններ, այլ ստեղծվում են եռարխիկ հարաբերություններ, երբ մեկ պետությունը մյուս պետության նկատմամբ ստանում է առավելություններ՝ հրամայական մեթոդով իր կամքը իրականացնելու համար։ Նման պարագայում սա ոչ թե խաղաղություն է, այլ գործնականում հարաբերությունների այնպիսի մակարդակ, որը նախկինում անվանում էին, օրինակ՝ գաղութային հարաբերություններ։ Այս պարագայում խոսում են խաղաղության կոնցեպտի մասին։ Հայաստանի պարագայում, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, թե սրա ինչն է կոնցեպտ, որովհետև այն պետք է ենթադրի համալիր միջոցառումներ՝ կապված, օրինակ՝ կոնֆլիկտի բուն խնդրի հետ, իսկ բուն խնդիրը լուծված չէ։ Միաժամանակ, կապված դրա հարակից էֆեկտների հետ, որոնք ևս լուծված չեն։ Կա մեկ փաստ. այդ կոնֆլիկտի բուն պատճառը՝ Լեռնային Ղարաբաղը, գտնվում է Ադրբեջանի լիակատար հսկողության ներքո, առանց էթնիկ բնակչության։ Միայն այս բաղադրիչը կա, որով պայմանավորված հայտարարվում է, որ այն լուծված է։ Բայց նույնիսկ կոնֆլիկտաբանության դասական տեսությունները չեն ասում, որ կոնֆլիկտը այդպես կարող է լուծվել։ Ընդհակառակը՝ սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն, ինչպես ասում են։ Միակ և ապրիորի ճշմարտությունն այն է, որ խաղաղություն հնարավոր է, եթե կա ռազմաստրատեգիական պարիտետ»,- եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular