2 հղիներին օգնության են հասել փրկարարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մեծ դժվարությամբ հաղթահարելով մոտ 3 կիլոմետր մերկասառույց ճանապարհը, Մելիք գյուղից հղի կնոջը հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով մոտեցրել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել, ինչի պատճառով էլ ծննդկանին հարազատները չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց և նրանց օգնության են հասել փրկարարները, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկները։
Արդեն ծննդկանին բարեհաջող շտապօգնության ավտոմեքենան տեղափոխվեց հիվանդանոց, որից հետո Արագածի հրշեջ-փրկարարները հերթական կանչը ստացան հղիի վերաբերյալ, այս անգամ՝ Շենկանի գյուղից, որտեղ նույնպես ճանապարհը պատված է ձյան շերտով ու բավականին դժվարանցանելի է։
Այս պահին փրկարարները հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ մեկնում են Շենկանի բնակավայր՝ ծննդկանի տուն, որպեսզի նրան ևս տեղափոխեն հիվանդանոց։