ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանություններն անընդհատ փորձում են ինչ-որ «բարեփոխումներ» իրականացնել Հայաստանի զինված ուժերում։ Մե՛կ համազգեստն են փոփոխում, մե՛կ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին են շարունակում խոսել։ Իսկ իրականության մեջ կատարվող գործընթացները, մեղմ ասած, մտահոգիչ են։ Պարբերաբար տեղեկանում ենք, որ Հայաստանը տարաբնույթ զինատեսակներ է ձեռք բերում տարբեր երկրներից, ինչպես նշվում է՝ մեր երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձում ենք հասկանալ՝ որքանո՞վ են այդ գնումները համապատասխանում մեր Զինված ուժերի կառուցվածքին, նրա առջև դրված խնդիրների կատարմանը: «Նախ՝ պետք է արձանագրել, որ պետության համար սպառազինության պարբերական թարմացումն ու համալրումը սովորական, անընդհատ և համակարգային գործընթաց պետք է լինի։ Ցանկացած պատասխանատու իշխանություն պարտավոր է մշտապես արդիականացնել զինանոցը, համալրել պահեստները և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Այդ պատճառով այս իշխանությունների կողմից առանձին գնումները ներկայացնելը որպես բացառիկ կամ աննախադեպ ձեռքբերումներ՝ առավելապես քաղաքական շեշտադրումներով, ավելի շատ տեղեկատվական շոու է: Միևնույն ժամանակ, դժվար է հստակ գնահատել, թե որքանով են իրականացվող գնումները լիարժեք համահունչ զինված ուժերի կառուցվածքին և զարգացման ռազմավարությանը։ Բայց ակնհայտ է, որ վերջին տարիներին ունեցել ենք զգալի կորուստներ՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութատեխնիկական։ Միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի և սպառազինության կորուստներից հետո առաջնահերթ խնդիր պետք է լինի նախ բանակում գոյացած բացերի լրացումը, մարտունակության վերականգնումը և համակարգային վերակազմավորումը։ Միայն դրանից հետո կարելի է անցնել երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակմանը և նոր, առաջնահերթ ուղղությունների ընտրությանը։ Բացի այդ, այս պահին հստակ չէ, թե ռազմաքաղաքական առումով ի՞նչ խնդիրների լուծմանն են ուղղված իրականացվող քայլերը։ Եթե չկա հստակ ձևակերպված պաշտպանական դոկտրին, սպառնալիքների գնահատում և դրանց հակազդման մեխանիզմների հրապարակային, եթե ոչ ամբողջությամբ բաց հիմնավորում, ապա սպառազինության ցանկացած գնում կարող է ընկալվել ոչ թե որպես ռազմավարական անհրաժեշտություն, այլ որպես հատվածական և ոչ համակարգված քայլեր։ Պաշտպանական քաղաքականությունը չի կարող կառուցվել միայն հայտարարությունների կամ առանձին գործարքների վրա։ Այն պետք է հիմնված լինի հստակ տեսլականի, երկարաժամկետ պլանավորման և պետական պատասխանատվության վրա։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վստահաբար ասել, որ իրականացվող գնումները ոչ միայն թվեր են հաշվետվություններում, այլ իրական ներդրում են երկրի անվտանգության և պետականության ամրապնդման գործում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։

Ադրբեջանը ևս շարունակում է զինվել՝ չնայած տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին հավաստիացումներին։ «Իրականում Ադրբեջանի զինվելը զարմանալի չէ։ Այսօր միջազգային հարաբերություններում, ցավոք, հաճախ որոշիչը ոչ թե իրավական սկզբունքներն են, այլ ուժի գործոնը։ Ռազմաքաղաքական հաշվարկներում գերակշռում է ուժի հավասարակշռության տրամաբանությունը, և պետությունները ձգտում են իրենց դիրքերն ամրապնդել առաջին հերթին ռազմական կարողությունների միջոցով։ Բաքվի քաղաքականությունն ակնհայտորեն միտված է ոչ միայն Հայաստանի նկատմամբ ճնշման լծակների պահպանմանն ու բազմապատկմանը, այլև ավելի լայն տարածաշրջանային հավակնություններին։ Ադրբեջանը զինվում է ինչպես Հայաստանի նկատմամբ շարունակական ռազմաքաղաքական ճնշում գործադրելու համար, այնպես էլ տարածաշրջանում ուժի դիրքերից խոսելու և դիրքավորվելու նպատակով, նաև հնարավոր անկայուն զարգացումների դեպքում պատրաստ լինելու համար։ Հատկապես, եթե տարածաշրջանում առաջանան լուրջ ճգնաժամեր, օրինակ՝ Իրանի շուրջ հնարավոր սրացումների հետ կապված, Ադրբեջանը կարող է փորձել օգտվել ստեղծված իրավիճակից։ Պատմությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանային ուժային վակուումները հաճախ դառնում են էսկալացիոն քայլերի հարթակ։ Այդ պարագայում Բաքուն, հավանաբար, կձգտի իր վաղեմի նպատակներն առաջ տանել՝ օգտվելով արտաքին միջավայրի շեղված ուշադրությունից կամ ուժային հավասարակշռության փոփոխությունից։ Ուստի, Ադրբեջանի զինվելը պետք է դիտարկել տարածաշրջանային և գլոբալ գործընթացների համատեքստում։ Խաղաղության մասին հայտարարությունները և միաժամանակ լայնածավալ ռազմական վերազինումը հակասական պատկեր են ստեղծում։ Եթե խաղաղությունը ենթադրում է փոխադարձ վստահության ձևավորում և լարվածության նվազեցում, ապա սպառազինության ինտենսիվ աճը, հատկապես հարձակողական բնույթի միջոցների ձեռքբերումը դժվար է ընկալել որպես այդ ճանապարհի բնական բաղադրիչ։ Այս պայմաններում առավել կարևոր է, որ Հայաստանը իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա՝ հաշվի առնելով թե՛ սեփական կարողությունները, թե՛ հակառակորդի ռազմավարական վարքագիծը և տարածաշրջանային հնարավոր զարգացումները»,- նկատում է մեր զրուցակիցը։

Մեր երկրի Զինված ուժերի համակարգում տարաբնույթ գործընթացներ են տեղի ունենում: Դրանցից մեկը դարձավ գնդերեցների գունդը լուծարելու որոշումը: Սա, իհարկե, շատերն ուղիղ կապեցին Եկեղեցու դեմ սկսված արշավի հետ: Իսկ, առհասարակ, ի՞նչ դեր ունեին գնդերեցները բանակում, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել իրենց բացակայությունը։ «Ակնհայտ է, որ գնդերեցների ինստիտուտի լուծարման որոշումը քաղաքական բնույթ է կրում, և այս ամենը պետք է դիտարկել իշխանությունների՝ Եկեղեցու դեմ շարունակվող արշավանքի համատեքստում։ Պատկերացնում եք, չէ՞, որ գնդերեցների գործունեությունը ընդհանրապես չի սահմանափակվում միայն կրոնական ծիսակարգերով։ Նրանք մասնակցում էին զինծառայողների բարոյահոգեբանական աշխատանքներին, հոգեբանական աջակցություն էին տրամադրում, ինչպես նաև վստահելի միջնորդ էին հրամանատարության և զինվորների միջև։ Պատերազմական և հետպատերազմյան պայմաններում, երբ բանակը բախվում է լուրջ կորուստների և հոգեբանական ծանր վիճակի հետ, նման ինստիտուտների դերակատարությունը հատկապես կարևոր է դառնում։ Համոզված եմ, որ բարոյահոգեբանական վակուում է առաջանալու, որն անդրադառնալու է զինծառայողների ներքին կայունության և հավաքական ոգու վրա»,- նշում է փորձագետը։

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց՝ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել, օրինակ՝ որպես անօդաչուի օպերատոր: Բոլորին բանակ զորակոչելու այս միտումն արդյո՞ք ցույց է տալիս, որ ԶՈւ-ում ունենք ծառայողների թվաքանակի խնդիր և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ցանկությունը չեն կարողանում կյանքի կոչել: «Այդ հայտարարությունից իրականում պարզ է արդեն, որ Հայաստանում նկատվում են զինված ուժերի համալրման լուրջ դժվարություններ (այսինքն՝ պարզ է դառնում չիմացողների համար, իսկ մենք պարբերաբար այդ թեմայի վերաբերյալ զրուցել ենք)՝ մի կողմից խոսելով պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, մյուս կողմից՝ բացահայտ ցուցադրելով զինծառայողների թվաքանակը լրացնելու պահանջի կարիքը։ Պրոֆեսիոնալ բանակը սովորական պայմանագրային զինծառայողներով համալրելու պրոցեսը չէ: Պետք է հասկանանք, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն ավելի խորքային ու բազմաբնույթ գործընթաց է, որը չի սահմանափակվում միայն պայմանագրային զինծառայողների թվի ավելացումով կամ նույնիսկ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այդ գործընթացը պահանջում է նաև կրթական համակարգի բարելավում, ենթակառուցվածքների ամրապնդում, ինչպես նաև կադրերի համալրման նոր մոտեցումներ և այլն: Իսկ այսպիսի հայտարարությունները, թե հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ծառայել, առաջացնում են հարցեր՝ համակարգը պատրա՞ստ է ընդունելու և հարմարվելու այդպիսի փոփոխություններին, թե՞ դա միայն թվաքանակի խնդրի լուծման անբավարար քայլ է, որն առաջացնում է նոր մարտահրավերներ բանակում։ Դեռևս պարզ չէ՝ այս ամենը ռազմավարական պլանավորման մա՞ս է կազմում, թե՞ պարզապես ժամանակավոր լուծում է՝ ըստ իրավիճակի։ Բայց պարզ է, որ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար միակ ճանապարհը ոչ միայն պայմանագրային զինծառայողների թվի ավելացումն է, իրավիճակային որոշումները, այլ նաև համակարգի համատարած բարելավումը՝ տեխնիկական, մարդկային ու բարոյահոգեբանական հարթություններում»,- եզրափակում է Շիրազ Խաչատրյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular