Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հիջաբ
ՖՈՏՈՀիջաբը իսլամում ընդունված ցանկացած հագուստ է (գլխից մինչև ոտքեր), որը ծածկում է կնոջ մարմինը։ Արևմտյան երկրներում հիջաբ անվան տակ ընկալվում է իսլամադավան կնոջ ավանդական գլխաշորը։ Հիջաբը անթափանց նյութից հագուստ է, որը թաքցնում է կնոջ ամբողջ մարմինը, միայն ձեռքերն ու դեմքն են մնում տեսանելի, գործվածքի նյութը պետք է լինի զուսպ երանգներով: Ներկայումս այն ակտիվորեն օգտագործվում է մուսուլմանների կողմից, և դրանում ինչ-որ խորհրդավոր ու գեղեցիկ բան կա։
Հիջաբի մասին առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա 13-րդ դարի ասորական օրենսգրքում: Այդտեղից երևում է, որ հիջաբն այն ժամանակ կարող էին կրել միայն ազնվական կանայք։ Զարմանալի է այն, որ Հին Հռոմի և Հունաստանի աղջիկները ևս հիջաբի նմանվող քող էին կրում: Համարվում է, որ Հռոմում հիջաբը կրում էին հրեաների ազդեցության պատճառով, իսկ Հունաստանում ծիսական արարողությունների ժամանակ։ Հին Իրանում աղջիկներից պահանջում էր հիջաբ կրել: Այդ զգեստը հարգում էին, գնահատում ու դրանով հպարտանում։ Սահմանվել էին խիստ կանոններ՝ հիջաբ կրող ամուսնացած կանանց արգելվել է հանդիպել օտարներին, անգամ հայրերն ու եղբայրներն են համարվել օտար: Հնդկաստանում, ինչպես նաև Իրանում հիջաբ կրելու կանոնները խստորեն պահպանվել են։ Մատա Հարին պնդում է, որ հիջաբի հայտնվելու պատճառը ասկետիզմն է և աշխարհիկ բարիքներից հրաժարվելը: Հին ժամանակներից է Հնդկաստանը այդ հագուստը ներմուծել իր առօրյա կյանք, քանի որ այնտեղ ամենաշատ ասկետներն են եղել:
Սուրբ ռաբբիների ուսմունքների հիման վրա հրեա կանայք ստիպված էին թաքցնել իրենց գլուխները: Երբ ամուսնացած աղջիկը հայտնվում էր հանրության մեջ առանց հիջաբի, խոսում էր անծանոթների հետ կամ տան պատերի մեջ այնքան բարձր, որ հարևանները կարող էին լսել, ամուսինն ազատ էր ամուսնալուծվելու՝ չվճարելով նրան խոստացված օժիտը։
Հիջաբը մեծ ազդեցություն է ունեցել նաև քրիստոնեության վրա։ Հին Կտակարանում նշվում է, որ եթե կինը գլխաշոր չի կրում, ապա պետք է կտրի իր մազերը։ Եթե նա ամաչում է շրջել կտրած կամ ամբողջովին սափրված մազերով, ապա թող ծածկի գլուխը։ Նույնիսկ Հիսուսի մայրն է կրել նման հագուստ։ Դրա հաստատումը շատ է Ղուրանում և Թորայում, և միայն ուղղափառներն են պատկերում Մարիամին գլխաշորով ու բաց պարանոցով: Հնում արգելվում էր օգտագործել կոսմետիկա կամ կրել զարդեր։ Կինը ստիպված էր ամբողջությամբ թաքնվել հիջաբով, քանի որ չպետք է իր գեղեցկությունը ցույց տար օտարներին, որպեսզի նրանք չենթարկվեն մեղքի՝ կանանցի գեղեցկությունը վտանգավոր է:
Այդ հին ժամանակներից ի վեր աշխարհը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։ Չնայած դրան, կրոնն այժմ փորձում է վերականգնել ինքնաճանաչումը և հաղթել աթեիզմին: Որոշ կառավարություններ խրախուսում և նույնիսկ պարտադրում են կանանց կրել հիջաբ, իսկ որոշները արգելում են։ Հիջաբ կրելը պարտադիր է Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում, Իրանում և Եմենում։ Սուդանի քրեական օրենսգիքը թույլատրում է տուգանել բոլոր այն կանանց, ովքեր խախտել են կանացի հագուստ կրելու կանոնները։ Առաջին անգամ հիջաբից ցուցադրական հրաժարումը տեղի է ունեցել 1870-ական թվականներին Եգիպտոսում։ Առաջին մուսուլմանական երկիրը, որը պաշտոնապես արգելք է դրել հիջաբ կրելու վրա, Թուրքիան է։ Դա տեղի է ունեցել 1925 թվականին։ Սակայն 2008 թվականին այդ արգելքը հանվել է, քանի որ ըստ թուրք պատգամավորների այն հակասում է քաղաքացիների իրավունքներին և ազատություններին։
Շատ հաճախ հիջաբը շփոթում են նիկաբի հետ։ Նիկաբը հագուստի ձև է, որը բաց է թողնում միայն աչքերը, բայց երբեմն նաև ծածկում է դրանք: Հիջաբը բաց է թողնում դեմքն ու ձեռքերը։ Օրինակ Ֆրանսիայում և Բելգիայում արգելված է նիկաբ կրել, բայց հիջաբ կարելի է։
Կ. Խաչիկյան