ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի առաջնորդությամբ սպասվող ներդրումների հնարավոր ալիքին, որը կարող է գերազանցել 13 միլիարդ դոլարը՝ կազմելով երկրի տարեկան տնտեսական արտադրանքի գրեթե կեսը. այսպիսի նախաբանով է իր հոդվածը սկսել Bloomberg-ը` Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի տնտեսական արդյունքների վերաբերյալ։ Հեղինակավոր լրատվամիջոցն ակնարկում է, որ ներդրումների նման բումը կարող է թուլացնել երկրի երկարամյա տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այս շաբաթվա այցը Հայաստան, որի ընթացքում նա ստորագրեց մինչև 9 միլիարդ դոլար արժողությամբ քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագիր, վկայում է Վաշինգտոնի և նախկին խորհրդային այս փոքր հանրապետության միջև կապերի հնարավոր կտրուկ խորացման մասին։ Առանձին՝ 4 միլիարդ դոլարի արհեստական բանականության ծրագրի ընդլայնումը նույնպես կարող է էապես փոխել Հայաստանի՝ 27 միլիարդ դոլար գնահատվող տնտեսության հեռանկարները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշում է հոդվածի հեղինակը։

Թվերը բավական նշանակալի է համարել ING բանկի ԱՊՀ երկրների գլխավոր տնտեսագետ Դմիտրի Դոլգինը։ «Եթե այս նախաձեռնությունները ձեռք բերեն վստահելիություն և ապահովեն երկարաժամկետ կայունության զգացում, ապա կարող են բարձրացնել Հայաստանի գրավչությունը պորտֆելային հոսքերի, ուղղակի ներդրումների և նույնիսկ դրամական փոխանցումների համար»,-նկատել է մասնագետը։

«Հայաստանի հետ կնքված պայմանավորվածությունները և հաջորդ օրը Վենսի այցը հարևան Ադրբեջան ընդգծել են Կովկասի տարածաշրջանում ազդեցության համար սրվող աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Այս տարածաշրջանը կենսական նշանակություն ունեցող առևտրային և էներգետիկ միջանցք է, որը Կենտրոնական Ասիայի միջոցով կապում է Չինաստանը Եվրոպային և տասնամյակներ շարունակ գտնվել է Մոսկվայի ազդեցության գոտում»,-գրում է Bloomberg-ը` հիշեցնելով, որ այս իրադարձությունները հաջորդել են 2025թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև խաղաղության շուրջ ձեռք բերված համաձայնությանը։ 

Թուրքիան, որը Ադրբեջանի հետ ունի պաշտպանության մասին պայմանագիր, քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ սահմանը բացելու ուղղությամբ․ այն փակ է 1993 թվականից, ինչպես նաև՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր առաջին անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով։ Եվրոպական միությունը նույնպես խորացնում է կապերը Հայաստանի հետ, որը հայտարարել է ապագայում ԵՄ անդամակցության ձգտումների մասին՝ այն դեպքում, երբ ներկայումս Ռուսաստանի հետ միևնույն մաքսային միության` ԵԱՏՄ-ի անդամ է։

Bloomberg-ը, վկայակոչելով իր հավաքագրած տվյալները, նշում է, որ 2031 թվականին մարման ենթակա Հայաստանի դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 4 բազիսային կետով՝ հասնելով մոտ երեք ամսվա ընթացքում ամենացածր մակարդակին։

Միջուկային համագործակցության համաձայնագիրը ստեղծում է իրավական շրջանակ, որը հնարավորություն կտա ամերիկյան ընկերություններին Հայաստան արտահանել միջուկային տեխնոլոգիաներ և մրցակցել խորհրդային ժամանակաշրջանի Մեծամորի ատոմակայանի փոխարինման համար։ Այն ապահովում է շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը։

«Մեծամորի ատոմակայանը շահագործում է Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան, որը նաև մատակարարում է կայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը։ Վենսի այցից առաջ «Ռոսատոմ»-ի պաշտոնյաները Մոսկվայում հանդիպել էին հայաստանյան ղեկավարության հետ՝ առաջարկելով, ինչպես իրենք էին ձևակերպել, «համապարփակ համագործակցություն» նոր միջուկային հզորությունների ստեղծման ուղղությամբ։

Արհեստական բանականության նախագիծը, որը մշակվում է ԱՄՆ-ում գրանցված Firebird Inc. և Nvidia Corp. ընկերությունների համագործակցությամբ, նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջ ընդլայնվել՝ հասնելով մոտ 50,000 գրաֆիկական պրոցեսորների (GPU)՝ օգտագործելով չիպարտադրողի հաջորդ սերնդի GB300 համակարգերը։ Հայ գործարարների կողմից հիմնադրված Firebird-ը մտադիր է հաշվարկային հզորությունների մեծ մասն ուղղել համաշխարհային հաճախորդներին՝ դիրքավորելով Հայաստանը որպես արհեստական բանականության ոլորտում մրցունակ արտահանման հարթակ»,-նշում է հոդվածագիրը։

Լրատվամիջոցն ընդգծում է` ներդրումային այս հայտարարությունները լրացուցիչ խթան են վարչապետ Փաշինյանի համար՝ հունիսի 7-ին նախատեսված ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մայիսին նա Երևանում կհյուրընկալի տասնյակ քաղաքական առաջնորդների՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Ընդհանուր առմամբ, հնարավոր 13 միլիարդ դոլարի ծավալով ծրագրերը զգալիորեն գերազանցում են Հայաստանում նախկինում կատարված օտարերկրյա ներդրումները։ Դրանք հիմք են ստեղծում կառավարության՝ առանցքային ոլորտներում ամերիկյան կապիտալն ու տեխնոլոգիաները ամրապնդելու հավակնությունների համար, նույնիսկ եթե հայտարարված գումարներն ամբողջությամբ չիրացվեն։

«Երբ ընկերությունները որոշում են միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում, նմանատիպ գաղափարներ են առաջանում նաև մյուսների համար։ Շատերը գիտեին Հայաստանի մասին, սակայն չէին մտածում նման ծավալի ներդրումների մասին։ Սա փոխում է այդ ընկալումը»,-Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքերով է հոդվածը եզրափակում Bloomberg-ը։

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular