Մասնագետը կասկածի տակ է դրել Հայաստանից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղիների վերականգնման շահութաբերության հարցը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը հայտարարել է, որ Հայաստանից դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնումը տնտեսապես անարդյունավետ կլինի, գրում է ritmeurasia.ru–ն։
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ երթուղիները շտապ վերականգնելու մասին պահանջը փորձագետը նշել է, որ նույնիսկ եթե վերականգնվի Իջևան-Ղազախ 14 կիլոմետրանոց հատվածը, Հարավկովկասյան երկաթուղին կաշխատի վնասով՝ կարճ հեռավորությունների համար ցածր սակագների պատճառով։
Նա նաև նշել է, որ գծի լիարժեք վերաբացման համար պետք է վերականգնվի Իջևանից դեպի Դիլիջան, ապա դեպի Երևան հատվածը, ինչը կպահանջի զգալի ներդրումներ։ Ավելին, բեռնափոխադրումները (ցորեն և վառելիք) Վրաստանի տարածքով գործող երթուղուց դեպի նոր գիծ շեղումը կհանգեցնի Այրում-Երևան 300 կիլոմետրանոց հատվածի անգործության և դրա շահութաբերության կորստի, ինչը կպահանջի ենթակառուցվածքների պահպանման համար լրացուցիչ պետական սուբսիդիաներ։
Նախիջևան-Երասխ հատվածի վերաբերյալ, որը կարող է տարանցիկ կապ ապահովել Թուրքիա Կարս-Ախուրիկ-Գյումրի-Երասխ-Նախիջևան երթուղով, Աղաջանյանը նշել է, որ նույնիսկ վերականգնման դեպքում այդ միջանցքը երկար չի դիմանա։ «Այս երկաթուղու կառուցումը թուրքերի համար հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք կարողանան անցնել Հայաստանի հարավով։ Հակառակ դեպքում այս երթուղին անիմաստ է դառնում Թուրքիայի համար», - բացատրել է փորձագետը հավելելով, որ Թուրքիան արդեն իսկ կառուցում է իր սեփական Կարս-Նախիջևան երկաթուղին, ինչը կարող է 6-7 տարվա ընթացքում հայկական երթուղին անգործության մատնել։