Հայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս. Պապոյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ ցուցանիշը հաշվարկվել է 2025 և 2024 թվականների համեմատությամբ և, հատկապես, կարևոր է համաշխարհային շուկաներում առկա միտումների ֆոնին։
«Միջազգային շուկաներում գինու սպառումն, ընդհանուր առմամբ, անկում է ապրում, սակայն Հայաստանի գինու արտահանումը շարունակաբար աճում է։ Սա նշանակում է, որ մենք կարողանում ենք ավելի շատ վաճառել մեր գինին»,-նշեց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ գինու արտադրության և արտահանման աճին զուգահեռ շարունակաբար զարգանում է նաև գինու տուրիզմը։
Նախարարի խոսքով՝ աշխարհում նկատվող գինու տուրիզմի աճի միտումներին համահունչ՝ ՀՀ կառավարությունը ծրագրում է մի քանի տասնյակ միլիոն դրամի ներդրումներ իրականացնել Եղեգիս և Արենի համայնքներում։
«Մենք նախատեսում ենք Եղեգիսում և Արենիում ստեղծել գինու և ագրոտուրիզմի կլաստեր, որպեսզի ոչ միայն արտադրենք և արտահանենք գինի, այլ նաև զբոսաշրջիկը գա Հայաստան և գինին սպառի հենց այստեղ»,-ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ գինու տուրիզմի առանձնահատկությունն այն է, որ զբոսաշրջիկը մեկ բաժակ գինու համար պատրաստ է վճարել այնքան, որքան այլ դեպքում կվճարեր ամբողջ շշի համար։