Գեղարքունիքի մարզում գյուղացիները մեկ ժամ փակել են գլխավոր ճանապարհը՝ բողոքելով էկոպարեկների գործողությունների դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Մոտ 1 ժամ Բերդկունք և մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի էկոպարեկների դեմ փակել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը՝ Բերդկունք գյուղի տարածքում, հաղորդում է Shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Էդգար Սուսլիյանի, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի կողմից տարված աշխատանքի արդյունքում գյուղացիները ժամանակավորապես բացել են ճանապարհը՝ սպառնալով, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, էկոպարեկների դեմ շարունակվելու են բողոքի ակցիաները՝ այդ թվում դարձյալ փակվելու են ճանապարհներ։
Բողոքը կապված է ձկան որսի հետ, քանի որ Կառավարությունը արդեն թույլատրել է որսը, իսկ էկոպարեկները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում գյուղացիների համար։