Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
regnum.ru–ն «Պատգամավորը հայ ազգի պառակտումն անընդունելի է համարել» վերնագրով հոդվածում գրում է, որ Կրասնոդարի երկրամասի Օրենսդիր ժողովի պատգամավոր Արմենակ Թոզլ յանը, ելույթ ունենալով Արմավիրում Հայ առաքելական եկեղեցու աջակցության հանրահավաքում, հայտարարել է, որ հայկական իշխանությունների միջամտությունը եկեղեցական գործերին անընդունելի է։ «Որպես հայ՝ ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ նրանք փորձում են զրկել իմ ժողովրդին իրենց պատմական հիշողությունից, ազգային խորհրդանիշներից, հպարտությունից և միասնությունից», - հանրահավաքի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասել է Թոզլ յանը։
Պատգամավորը նշել է, որ Հայ եկեղեցու պառակտումը անխուսափելիորեն կհանգեցնի հասարակության պառակտման։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում հակաեկեղեցական շարունակվող արշավի հնարավոր հետևանքները, որը կարող է հանգեցնել Եկեղեցու, ազգի և ժողովրդի պառակտմանը։ «Ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է աջակցություն ցուցաբերենք մեր Եկեղեցուն, նրա առաջնորդին, նրա միասնությանը, ավանդույթներին», - հավելել է պատգամավորը։
Թոզլ յանը նաև հայտնել է, որ ստացել է օրհնություն ստորագրություններ հավաքելու և բանաձև ընդունելու համար, որը կոչ է անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին։
Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 900 մարդ։ Նրանք արտահայտվել են Նիկոլ Փաշինյանի ապակառուցողական քաղաքականության դեմ։ Հանրահավաքի վայրը պատահական չի եղել ընտրված. Արմավիրում ապրում է մեծ հայկական համայնք։ Նմանատիպ միջոցառումներ նախկինում անցկացվել են նաև Սոչիում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում։
Հիշեցնենք, որ վերջերս Փաշինյանը ակտիվացրել է իր հարձակումները Հայ եկեղեցու վրա։ 2025 թվականի մայիսին նա սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ է արել Հայ առաքելական եկեղեցու հասցեին, իսկ կարճ ժամանակ անց առաջարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության գործում վճռորոշ դերը փոխանցել պետությանը։ Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 15-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորական Հայր Գևորգը regnum.ru լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները վախենում են եկեղեցու հեղինակությունից և, հետևաբար, փորձում են լռեցնել նրա ձայնը հակասահմանադրական և աստվածադավ գործողություններով, այդ թվում՝ ավագ հոգևորականների անհիմն ձերբակալություններով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում