Գայլի հարձակումից տուժած կնոջը 4 ժամ վիրահատում էին. նա արհեստական սարքի միջոցով է շնչում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում գայլի հարձակման հետեւանքով լուրջ վնասվածքներ ստացած 75-ամյա Ռոզա Հարությունյանի վիրահատությունն ավարտվել է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը տեղեկացնում է, որ վիրահատությունը տեւել է գրեթե 4 ժամ:
«Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ եւ դիմածնոտային: «Էրեբունի» ԲԿ առաջատար բժիշկները` Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը եւ Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաեւ ձեռքերը, որոնք եւս վնասված են եղել:
Իսկ աջ կողմի այտի եւ քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց: Հիվանդը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով»,- տեղեկացնում է Հունանյանը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան գայլը հարձակվել եւ բազմաթիվ կծած-պոկած վնասվածքներ էր պատճառել դեպի իր տանը կից անասնագոմ գնացող 75-ամյա կնոջը: Վերջինս տեղափոխվել էր Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Վիրակապելուց եւ առաջին օգնություն ցուցաբերելուց հետո 75-ամյա կնոջը տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: