Հերթական խոշորացումն են նախատեսում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Չնայած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ժամանակին շատ հաճախ եւ կոշտ քննադատում էր նախորդ իշխանությունների սկսած՝ համայնքների խոշորացման նախաձեռնությունը, հայտարարելով, որ այդ քայլով «գյուղերը տանում ենք ամայացման ու մահացման», սակայն իշխանության գալով՝ ոչ միայն շարունակեց նրանց ծրագիրը, այլեւ խոշորացված համայնքները կրկին ու կրկին է խոշորացնում՝ հարմարեցնելով իր կադրային բանկին։ Օրինակ, Էջմիածինը միացրեց Խոյի հետ, որ Արգիշտի Մեխակյանին կարողանա համայնքապետ դարձնել։ Հիմա էլ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով հերթական խոշորացումն են նախատեսում՝ ձեւավորելով հետեւյալ նոր համայնքային փնջերը․ Լոռու մարզի Ստեփանավան, որում կներառվեն Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները՝ իրենց 20 բնակավայրով։
Սյունիքի մարզի Գորիս համայնք, որում կներառվեն Գորիս, Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ 28 բնակավայրով։ Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնք՝ Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրով։ Այսինքն, ծրագրում ընդգրկված է 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում կձեւավորվի 3 համայնք։ Միավորումից հետո, բնականաբար, կանցկացվեն նոր ընտրություններ, կնշանակվեն նոր համայնքապետեր։ Թեպետ նախագծում չկան ժամկետներ, սակայն իշխանական աղբյուրներն ասում են՝ ընտրությունները կլինեն աշնանը։ Ակնհայտ է, որ հատուկ հաշվարկել են խոշորացումը եւ ունեն ֆավորիտ թեկնածուներ՝ վստահ, որ հունիսին կվերարտադրվեն, ապա ողջ երկիրն իրենցով կանեն։