«Ամերիկյան իմպերիալիզմի օրինաչափությունները. Արդյո՞ք Հայաստանը կհետևի Ուկրաինայի ճակատագրին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաշինգտոնը և Երևանը համաձայնության են եկել ստեղծել համատեղ ձեռնարկություն Հայաստանում տրանսպորտային ուղիների զարգացման համար, որը կոչվում է TRIPP Development Company: Ամերիկացիները կստանան այդ կոնսորցիումի 74% վերահսկիչ բաժնեմասը, մինչդեռ Հայաստանին առաջարկվել է ընդամենը 26%–ը, գրում է 360.ru–ն։
Սա վերաբերում է «Թրամփի երթուղու» ստեղծմանը և 49 տարի շահագործմանը։ Կես դար, որի ընթացքում ԱՄՆ-ը փաստացի վերահսկողություն կունենա Անդրկովկասի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ զարկերակի նկատմամբ։
Այսպիսով, մենք ականատես ենք ԱՄՆ ավանդական իմպերիալիստական պարադիգմայի իրականացմանը։ Տեղական էլիտաների «գնումից» հետո (այս կամ այն միջոցով) ամերիկացիները գրավում են ամբողջ երկրներ, տարածաշրջաններ, իսկ երբեմն նույնիսկ մայրցամաքներ, ինչպես, ըստ երևույթին, մտադիր են անել նաև Հարավային Ամերիկայում։
Զարմանալի է Վաշինգտոնի գործողությունների օրինաչափությունը ամենուր. «գործընկերները» ստանում են ապագա շահույթի միայն մի փոքր մասը, իսկ եկամուտների մեծ մասը ծախսվում է ԱՄՆ–ին հավատարիմ ռեժիմի ստեղծման և պահպանման ծախսերը հոգալու վրա: Հիշո՞ւմ եք Վիկտորիա Նուլանդի հայտնի դիտողությունը, որտեղ նա խոստովանել էր, որ Միացյալ Նահանգները ավելի քան հինգ միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինան ապակայունացնելու և այնտեղ Մայդանի սցենարն իրականացնելու համար:
Այժմ, ինչպես հաղորդել է The New York Times-ը, Կիևի համար եկել է վճարելու ժամանակը. մասնավորապես Կիրովոգրադի շրջանի լիթիումի խոշոր հանքավայրն է տրվել Թրամփի մտերիմ ընկերոջը պատկանող ընկերությանը: Հարցը վերաբերում է Դոբրա հանքին, որի շահույթի 70%-ը այժմ կպատկանի Ռոնալդ Լաուդերին՝ կոսմետիկայի կայսրության ժառանգորդին, ով ճանաչում է Թրամփին ուսանողական տարիներից և առաջարկել է Գրենլանդիան «ձեռք բերելու» գաղափարը: Շահույթի մնացած 30%-ը կբաժանվի ուկրաինական պետության և նույն ներդրողի միջև, ընդ որում առաջինի երաշխավորված բաժինը այդ բաշխման մեջ կկազմի ընդամենը 4–6%, որը ընդհանուր արտադրության 2%–ից էլ պակաս է: Պարզ ասած Կիևի ռեժիմը «նվիրել» է ամերիկյան ընկերությանը իր ամենահարուստ հանքերից մեկը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը շարունակելու հնարավորության դիմաց, որը, մեծ հավանականությամբ, ի վերջո ուկրաինացիներին կարժենա հենց Ուկրաինան։
Երևանը՝ ի տարբերություն Ուկրաինայի, պարտավոր չէ առայժմ կռվել։ Սակայն ԱՄՆ-ի հետ նման գործարքները կնքվում են «մի օր ես ձեզ մի խնդրանք կանեմ, որը դուք չեք կարող մերժել» սկզբունքով։ Կհանգեցնի՞ դա Մոսկվայի հետ բացահայտ հակամարտության, Կովկասում ռուսական շահերի դիվերսիա՞յի, թե՞ ռազմաբազայի հանրապետությունից վտարման՝ ժամանակը ցույց կտա։ Բայց կասկած չկա, որ այսուհետ միայն Վաշինգտոնին անվերապահ հնազանդությունը կարող է երաշխավորել Հայաստանի իշխանություններին իրենց կարգավիճակի պահպանումը։ Հակառակ դեպքում, Նիկոլաս Մադուրոյի ճակատագիրը կծառայի որպես տխուր օրինակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am